Յովհաննէս - 1

1:1 Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն:
1:2 Նա էր ի սկզբանէ առ Աստուած:
1:3 Ամենայն ինչ նովաւ եղեւ, եւ առանց նորա եղեւ եւ ոչ ինչ որ ինչ եղեւն:
1:4 Նովաւ կեանք էր, եւ կեանքն էր լոյս մարդկան:
1:5 եւ լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ, եւ խաւար նմա ոչ եղեւ հասու:
1:6 Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ, անուն նմա Յովհաննէս:
1:7 Սա եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն Լուսոյն, զի ամենեքին հաւատասցեն նովաւ:
1:8 Ոչ էր նա Լոյսն, այլ զի վկայեսցէ վասն Լուսոյն:
1:9 Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ որ գալոց է`` յաշխարհ:
1:10 Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեաւ:
1:11 Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ոչ ընկալան:
1:12 Իսկ որք ընկալանն զնա` ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել որոց հաւատասցեն յանուն նորա:
1:13 ոյք ոչ յարենէ եւ ոչ ի կամաց մարմնոյ եւ ոչ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան:
1:14 Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ, եւ տեսաք զփառս նորա, զփառս իբրեւ զմիածնի առ ի Հօրէ, լի շնորհօք եւ ճշմարտութեամբ:
1:15 Յովհաննէս վկայէ վասն նորա, աղաղակեաց եւ ասէ. Սա է զորմէ ասէի. Որ զկնի իմ գալոցն էր` առաջի իմ եղեւ, զի նախ քան զիս էր:
1:16 Զի ի լրութենէ անտի նորա մեք ամենեքին առաք շնորհս փոխանակ շնորհաց:
1:17 Զի օրէնքն ի ձեռն Մովսիսի տուան, շնորհքն եւ ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեն:
1:18 ԶԱստուած ոչ ոք ետես երբեք, բայց միածինն Որդի որ է ի ծոց Հօր, նա պատմեաց:
1:19 Եւ այս է վկայութիւնն Յովհաննու, յորժամ առաքեցին առ նա Հրեայքն յԵրուսաղեմէ քահանայս եւ Ղեւտացիս, զի հարցցեն ցնա թէ` Դու ո՞ ես:
1:20 Եւ խոստովան եղեւ եւ ոչ ուրացաւ. խոստովան եղեւ եթէ` Ես ոչ եմ Քրիստոսն:
1:21 Եւ հարցին ցնա. Իսկ ո՞վ ես դու, Եղիա՞ ես: Եւ ասէ. Ոչ եմ: Իսկ մարգարէ՞ն ես դու: Պատասխանի ետ թէ` Ոչ:
1:22 Իսկ ասա մեզ. Դու ո՞վ ես, զի պատասխանի տարցուք որոց առաքեցինն զմեզ. զի՞ ասես վասն քո:
1:23 Ասէ. Ես` ձայն բարբառոյ յանապատի. Ուղիղ արարէք զճանապարհն Տեառն, որպէս ասաց Եսայի մարգարէ:
1:24 Եւ որք առաքեցանն` ի փարիսեցւոց անտի էին:
1:25 Հարցին ցնա եւ ասեն. Իսկ զի՞ մկրտես, եթէ դու չես Քրիստոսն, եւ ոչ Եղիա, եւ ոչ մարգարէն:
1:26 Պատասխանի ետ նոցա Յովհաննէս եւ ասէ. Ես մկրտեմ զձեզ ջրով. ի միջի ձերում կայ, զոր դուքն ոչ գիտէք:
1:27 որ զկնի իմ գալոցն է``, որում չեմն արժանի եթէ լուծից զխրացս կօշկաց նորա:
1:28 Այս ի Բեթաբրա եղեւ յայնկոյս Յորդանանու, ուր էրն Յովհաննէս եւ մկրտէր:
1:29 Ի վաղիւ անդր տեսանէ զՅիսուս զի գայր առ նա. եւ ասէ. Ահաւասիկ Գառն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի:
1:30 Սա է վասն որոյ եսն ասէի. Զկնի իմ գայ այր որ առաջի իմ եղեւ, զի յառաջ իսկ էր քան զիս:
1:31 Եւ ես ոչ գիտէի զնա, այլ զի յայտնի լինիցի Իսրայելի, վասն այնորիկ եկի ես ջրով մկրտել:
1:32 Վկայեաց Յովհաննէս եւ ասէ թէ` Տեսանէի զՀոգին, զի իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէր ի վերայ նորա:
1:33 Եւ ես ոչ գիտէի զնա, այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով` նա ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն Սրբով:
1:34 Եւ ես տեսի եւ վկայեցի եթէ` Սա է Որդին Աստուծոյ:
1:35 Ի վաղիւ անդր կայր Յովհաննէս, եւ յաշակերտաց անտի նորա երկու:
1:36 Եւ նայեցեալ ընդ Յիսուսի զի զգնայր, ասէ. Ահաւասիկ Քրիստոս Գառն Աստուծոյ:
1:37 Լուան ի նմանէ երկու աշակերտքն զի խօսէր, եւ գնացին զհետ Յիսուսի:
1:38 Իբրեւ դարձաւ Յիսուս եւ ետես զնոսա զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք: Նոքա ասեն ցնա. Ռաբբի, (որ թարգմանեալ կոչի Վարդապետ,) ո՞ւր են օթեվանք քո:
1:39 Ասէ ցնոսա. Եկայք եւ տեսէք: Եկին եւ տեսին ուր էին օթեվանք նորա, եւ առ նմա ագան այն օր, զի ժամ էր իբրեւ տասներորդ:
1:40 Էր Անդրէաս եղբայր Սիմովնի Վիմի, մի յերկուց անտի որ լուանն ի Յովհաննէ եւ գնացին զկնի նորա:
1:41 Գտանէ սա նախ զեղբայր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտաք զՄեսիայն (որ թարգմանի Քրիստոսն:
1:42 Սա ած զնա առ Յիսուս. հայեցեալ ընդ նա Յիսուսի` ասէ. Դու ես Սիմովն որդի Յովնանու, դու կոչեսցիս Կեփաս (որ թարգմանի Պետրոս:
1:43 Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ի Գալիլեա. գտանէ զՓիլիպպոս, եւ ասէ ցնա Յիսուս. Եկ զկնի իմ:
1:44 Եւ էր Փիլիպպոս ի Բեթսայիդայ, ի քաղաքէ Անդրեայ եւ Պետրոսի:
1:45 Գտանէ Փիլիպպոս զՆաթանայէլ եւ ասէ ցնա. Զորմէ գրեաց Մովսէս յօրէնսն` եւ մարգարէքն, գտաք զՅիսուս զորդի Յովսեփայ ի Նազարեթէ:
1:46 Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ի Նազարեթէ մա՞րթ ինչ իցէ բարւոյ իմիք լինել: Ասէ ցնա Փիլիպպոս. Եկ եւ տես:
1:47 Իբրեւ ետես Յիսուս զՆաթանայէլ զի գայր առ նա, ասէ վասն նորա. Ահա արդարեւ Իսրայելացի յորում նենգութիւն ոչ գոյ:
1:48 Ասէ ցնա Նաթանայէլ. Ուստի՞ ճանաչես զիս: Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Մինչչեւ էր Փիլիպպոսի կոչեցեալ զքեզ` զի էիր ի ներքոյ թզենւոյն, տեսի զքեզ:
1:49 Պատասխանի ետ նմա Նաթանայէլ եւ ասէ. Ռաբբի, դու ես Որդի Աստուծոյ, դու ես թագաւորն Իսրայելի:
1:50 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Փոխանակ զի ասացի քեզ թէ տեսի ի ներքոյ թզենւոյն, հաւատա՞ս, մեծամեծս եւս քան զայս տեսցես:
1:51 Եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ ձեզ. Տեսանիցէք զերկինս բացեալ, եւ զհրեշտակս Աստուծոյ զի ելանիցեն եւ իջանիցեն ի վերայ Որդւոյ մարդոյ:

Յովհաննէս - 2

2:1 Եւ յաւուրն երրորդի հարսանիք էին ի Կանա Գալիլեացւոց, եւ անդ էր մայրն Յիսուսի:
2:2 Կոչեցաւ եւ Յիսուս եւ աշակերտքն նորա ի հարսանիսն:
2:3 Եւ ի պակասել գինւոյն` ասէ մայրն ցՅիսուս. Գինի ոչ ունին:
2:4 Եւ ասէ ցնա Յիսուս. Զի՞ կայ իմ եւ քո, կին դու, չեւ է հասեալ ժամանակ իմ:
2:5 Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. Որ զինչ ասիցէ ձեզ` արասջիք:
2:6 Անդ էին թակոյկք կճեայք վեց ըստ սրբութեանն Հրէից, տանէին մի մի ի նոցանէ մարս երկուս կամ երիս:
2:7 Ասէ ցնոսա Յիսուս. Լցէք զթակոյկսդ ջրով: Եւ լցին զնոսա մինչեւ ի վեր:
2:8 Եւ ասէ ցնոսա. Արդ առէք եւ բերէք տաճարապետիդ: Եւ նոքա բերին:
2:9 Եւ իբրեւ ճաշակեաց տաճարապետն զջուրն գինի եղեալ, եւ ոչ գիտէր ուստի իցէ. բայց սպասաւորքն գիտէին որք արկին զջուրն. խօսի ընդ փեսային տաճարապետն:
2:10 եւ ասէ. Ամենայն մարդ զանոյշ գինին յառաջագոյն պաշտէ. եւ յորժամ արբենան, յայնժամ զյոռին. դու պահեցեր զանոյշ գինիդ մինչեւ ցայժմ:
2:11 Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր, եւ հաւատացին ի նա աշակերտքն նորա:
2:12 Յետ այսորիկ էջ ի Կափառնայում, ինքն եւ մայր իւր եւ եղբարք իւր. եւ անդ լինէր ոչ բազում ինչ աւուրս:
2:13 Եւ էր մերձ զատիկն Հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ:
2:14 Եւ եգիտ ի տաճարին զի վաճառէին զարջառս եւ զոչխարս եւ զաղաւնիս, եւ զլումայափողսն որ նստէին:
2:15 Եւ արար խարազան չուանեայ, եւ եհան զամենեսին ի տաճարէն` զոչխարսն եւ զարջառս, եւ զպղինձս հատավաճառացն ցրուեաց, եւ զսեղանսն կործանեաց:
2:16 Եւ որ զաղաւնիսն վաճառէին` ասէ ցնոսա. Առէք զայդ աստի, եւ մի՛ առնէք զտուն Հօր իմոյ տուն վաճառի:
2:17 Ապա յիշեցին աշակերտքն նորա թէ գրեալ է. Նախանձ տան քո կերիցէ զիս:
2:18 Պատասխանի ետուն Հրեայքն եւ ասեն ցնա. Զի՞նչ նշան ցուցանես դու մեզ զի զայդ առնես:
2:19 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Քակեցէք զտաճարդ զայդ, եւ զերիս աւուրս կանգնեցից զդա:
2:20 Ասեն ցնա Հրեայքն. Զքառասուն եւ զվեց ամ շինեցաւ տաճարս այս, եւ դու զերիս աւուրս կանգնե՞ս զսա:
2:21 Բայց նա ասէր վասն տաճարի մարմնոյ իւրոյ:
2:22 Իսկ յորժամ յարեաւն ի մեռելոց, յիշեցին աշակերտքն նորա, թէ այս է զոր ասացն. եւ հաւատացին գրոյն եւ բանին զոր ասաց Յիսուս:
2:23 Եւ իբրեւ էր յԵրուսաղէմ ի զատկին ի տօնի, բազումք հաւատացին յանուն նորա, զի տեսանէին զնշանսն զոր առնէր:
2:24 Բայց ինքն Յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա, քանզի ինքն գիտէր զամենայն:
2:25 եւ զի ոչ էր պիտոյ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ, զի ինքն իսկ գիտէր զինչ կրէր ի մարդն:

Յովհաննէս - 3

3:1 Եւ էր այր մի ի փարիսեցւոց անտի Նիկոդեմոս անուն նորա, իշխան Հրէից:
3:2 Սա եկն առ նա գիշերի եւ ասէ ցնա. Ռաբբի, գիտեմք եթէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ոչ ոք կարէ զայդ նշանս առնել զոր դուդ առնես, եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա:
3:3 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի վերստին, ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ:
3:4 Ասէ ցնա Նիկոդեմոս. Զիա՞րդ կարէ մարդ ծնանել որ ծերն իցէ. միթէ մա՞րթ ինչ իցէ անդրէն յորովայն մօր իւրոյ կրկին մտանել եւ ծնանել:
3:5 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ:
3:6 Զի ծնեալն ի մարմնոյ մարմին է, եւ ծնեալն ի Հոգւոյ հոգի է:
3:7 Դու մի՛ զարմանար թէ ասացի քեզ. Պարտ է ձեզ ծնանել վերստին:
3:8 Զի հողմ ուր կամի շնչէ, եւ զձայն նորա լսես, այլ ոչ գիտես ուստի գայ կամ յո երթայ. սոյնպէս եւ ամենայն ծնեալն ի Հոգւոյն:
3:9 Պատասխանի ետ Նիկոդեմոս եւ ասէ ցնա. Զիա՞րդ մարթի այդմ լինել:
3:10 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Դու ես վարդապետ Իսրայելի եւ զայդ ո՞չ գիտես:
3:11 Ամէն ամէն ասեմ քեզ, զի զոր ինչ գիտեմք` խօսիմք, եւ զոր տեսաք` վկայեմք, եւ զվկայութիւն մեր ոչ ընդունիք:
3:12 Իսկ արդ` եթէ զերկրաւորս ասացի ձեզ եւ ոչ հաւատայք. զիա՞րդ եթէ զերկնաւորսն ասացից, հաւատայցէք:
3:13 Եւ ոչ ոք ել յերկինս, եթէ ոչ որ էջն յերկնից` Որդին մարդոյ, որ էն յերկինս:
3:14 Եւ որպէս Մովսէս բարձրացոյց զօձն յանապատին, նոյնպէս բարձրանալ պարտ է Որդւոյ մարդոյ:
3:15 Զի ամենայն որ հաւատայ ի նա` ընկալցի զկեանսն յաւիտենականս:
3:16 Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին իւր միածին ետ. զի ամենայն որ հաւատայ ի նա` մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս:
3:17 Զի ոչ առաքեաց Աստուած զՈրդի իւր յաշխարհ թէ դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ:
3:18 Որ հաւատայ ի նա` ոչ դատապարտեսցի. եւ որ ոչ հաւատայ ի նա` արդէն իսկ դատապարտեալ է, զի ոչ հաւատաց յանուն միածնի Որդւոյն Աստուծոյ:
3:19 Եւ այս իսկ է դատաստան, զի լոյս եկն յաշխարհ, եւ սիրեցին մարդիկ զխաւար առաւել քան զլոյս, զի էին գործք իւրեանց չարութեան:
3:20 Զի ամենայն որ զչար գործէ` ատեայ զլոյս, եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանեսցին գործք նորա:
3:21 Իսկ որ առնէ զճշմարտութիւն` գայ առ լոյսն, զի յայտնի լիցին գործք նորա թէ Աստուծով գործեցան:
3:22 Յետ այսորիկ եկն Յիսուս եւ աշակերտք նորա յերկիրն Հրէաստանի, եւ անդ շրջէր նոքօք հանդերձ եւ մկրտէր:
3:23 Մկրտէր եւ Յովհաննէս ի յԱյենովն մերձ առ Սաղիմ, զի ջուրք բազումք էին անդ. եւ գային եւ մկրտէին:
3:24 զի չեւ եւս էր արկեալ զՅովհաննէս ի բանտ:
3:25 Եւ եղեւ խնդիր յաշակերտացն Յովհաննու ընդ Հրէի վասն սրբութեան:
3:26 Եկին առ Յովհաննէս եւ ասեն ցնա. Ռաբբի, որ էրն ընդ քեզ յայնկոյս Յորդանանու, որում դուն վկայեցեր, ահաւասիկ նա մկրտէ, եւ ամենեքին գան առ նա:
3:27 Պատասխանի ետ Յովհաննէս եւ ասէ. Ոչ կարէ մարդ առնուլ յանձնէ եւ ոչ ինչ, եթէ ոչ իցէ տուեալ յերկնից ի վերուստ:
3:28 Դուք ձեզէն վկայէք ինձ, զի ասացի ձեզ թէ` չեմ ես Քրիստոսն, այլ թէ առաքեալ եմ առաջի նորա:
3:29 Որ ունի զհարսն` նա է փեսայ. իսկ բարեկամ փեսային որ կայ եւ լսէ նմա` ուրախութեամբ ուրախ լինի վասն ձայնի փեսային. արդ այս ուրախութիւն որ իմս է` լցեալ է:
3:30 Նմա պարտ է աճել եւ ինձ մեղմանալ:
3:31 Որ ի վերուստն գայ` ի վերոյ է քան զամենայն. որ յերկրէ աստի է` յերկրէ է եւ յերկրէ խօսի:
3:32 Որ յերկնիցն գայ` զոր`` ինչ ետես եւ զոր լուաւ` վկայէ, եւ զվկայութիւն նորա ոչ ոք ընդունի:
3:33 Որ ընդունի զվկայութիւն նորա` կնքեաց թէ Աստուած ճշմարիտ է:
3:34 Զի զոր Աստուածն առաքեաց` զբանս Աստուծոյ խօսի. զի ոչ եթէ չափով տայ Աստուած զՀոգին:
3:35 Հայր սիրէ զՈրդի, եւ զամենայն ինչ ետ ի ձեռս նորա:
3:36 Որ հաւատայ յՈրդի` ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ որ ոչ հնազանդի Որդւոյ` ոչ տեսցէ զկեանս, այլ բարկութիւն Աստուծոյ մնայ ի վերայ նորա:

Յովհաննէս - 4

4:1 Իբրեւ գիտաց Յիսուս եթէ լուան փարիսեցիքն եթէ Յիսուս բազում աշակերտս առնէ եւ մկրտէ քան զՅովհաննէս:
4:2 քանզի ոչ եթէ Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակերտքն նորա:
4:3 եթող զՀրէաստան երկիր, եւ եկն միւսանգամ ի Գալիլեա:
4:4 Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա:
4:5 Գայ նա ի քաղաք մի Սամարացւոց որում անուն էր Սիւքար, մերձ ի գեղն զոր ետ Յակովբ որդւոյ իւրում Յովսեփայ:
4:6 Եւ անդ էր աղբեւր մի Յակովբայ. եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհէն` նստէր ի վերայ աղբերն, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ:
4:7 Գայ կին մի ի Սամարիայ հանել ջուր. ասէ ցնա Յիսուս. Տուր ինձ ըմպել:
4:8 Զի աշակերտքն նորա երթեալ էին ի քաղաք անդր զի կերակուրս գնեսցեն:
4:9 Ասէ ցնա կինն Սամարացի. Դու որ Հրեայդ ես, զիա՞րդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ Սամարացւոյ: Զի ոչ երբեք խառնակին Հրեայք ընդ Սամարացիս:
4:10 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Եթէ գիտէիր դու զպարգեւսն Աստուծոյ, եւ ո՛վ է որ ասէդ ցքեզ թէ` Տուր ինձ ըմպել, դու արդեւք խնդրէիր ի նմանէ, եւ տայր քեզ ջուր կենդանի:
4:11 Ասէ ցնա կինն. Տէր, դու քանզի եւ դոյլ իսկ ոչ ունիս, եւ ջրհորս խոր է, իսկ արդ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի:
4:12 Միթէ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ որ զայս ջրհոր ետ մեզ. եւ ինքն աստի արբ եւ որդիք նորա եւ խաշինք նորա:
4:13 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Ամենայն որ ըմպէ ի ջրոյ յայդմանէ` միւսանգամ ծարաւէ, բայց որ ըմպէ ի ջրոյն զոր ես տաց նմա` մի՛ ծարաւեսցէ յաւիտեան:
4:14 Այլ ջուրն զոր ես տաց նմա` եղիցի նմա աղբեւր ջրոյ բղխելոյ ի կեանսն յաւիտենականս:
4:15 Ասէ ցնա կինն. Տէր, տուր ինձ զջուրն զայն, զի մի՛ ծարաւեցից, եւ մի՛ եկից այսր հանել ջուր:
4:16 Ասէ ցնա Յիսուս. Երթ կոչեա զայր քո եւ եկ այսր:
4:17 Պատասխանի ետ նմա կինն եւ ասէ. չիք իմ այր: Ասէ ցնա Յիսուս. Բարւոք ասացեր թէ` չիք իմ այր:
4:18 զի հինգ այր փոխեալ է քո, եւ զոր այժմն ունիս` չէ քո այր. զայդ արդար ասացեր:
4:19 Ասէ ցնա կինն. Տէր, թուի ինձ թէ մարգարէ իցես դու:
4:20 Հարքն մեր ի լերինս յայսմիկ երկիր պագին, եւ դուք ասէք թէ` ՅԵրուսաղէմ եւեթ է տեղի, ուր արժան իցէ երկիր պագանել:
4:21 Ասէ ցնա Յիսուս. Կին դու, հաւատա ինձ, զի եկեսցէ ժամանակ, յորժամ ոչ ի լերինս յայսմիկ եւ ոչ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն Հօր:
4:22 Դուք երկիր պագանէք որում ոչն գիտէք, մեք երկիր պագանեմք որում գիտեմքն. զի փրկութիւն ի Հրէից է:
4:23 Այլ եկեսցէ ժամանակ եւ այժմ իսկ է, յորժամ ճշմարիտքն երկրպագուք երկիր պագանիցեն Հօր հոգւով եւ ճշմարտութեամբ, քանզի եւ Հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ:
4:24 Հոգի է Աստուած, եւ երկրպագուացն նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պագանել:
4:25 Ասէ ցնա կինն. Գիտեմ զի Մեսիա գայ (անուանեալն Քրիստոս), յորժամ եկեսցէ նա, պատմեսցէ մեզ զամենայն:
4:26 Ասէ ցնա Յիսուս. Ես եմ որ խօսիմս ընդ քեզ:
4:27 Եւ յայն բան եկին աշակերտքն նորա, եւ զարմանային զի ընդ կնոջն խօսէր. բայց ոչ ոք ասաց ի նոցանէ թէ` Զի՛նչ խնդրես, կամ` Զի՛նչ խօսիս ընդ դմա:
4:28 Եթող կինն զսափորն իւր եւ չոգաւ ի քաղաքն, եւ ասէ ցմարդիկն:
4:29 Եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ է. միթէ նա՞ իցէ Քրիստոսն:
4:30 Ելին ի քաղաքէն եւ գային առ նա:
4:31 Եւ մինչչեւ եկեալ էին նոքա, աղաչէին զնա աշակերտքն եւ ասէին. Ռաբբի, հաց կեր:
4:32 Նա ասէ ցնոսա. Ես կերակուր ունիմ ուտել, զոր դուքն ոչ գիտէք:
4:33 Ասէին աշակերտքն ընդ միմեանս. Միթէ եբե՞ր ինչ ոք դմա ուտել:
4:34 Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է` զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա:
4:35 Ո՞չ դուք ասէք եթէ` Այլ եւս չորք ամիսք են, եւ հունձք գան. ահաւասիկ ես ասեմ ձեզ. Ամբարձէք զաչս ձեր եւ տեսէք զարտորայսն, զի սպիտակացեալ են եւ ի հունձս հասեալ:
4:36 Եւ որ հնձէն` վարձս առնու, եւ ժողովէ զպտուղ ի կեանսն յաւիտենականս. զի որ սերմանէն եւ որ հնձէ` հասարակ ցնծասցեն:
4:37 Յայսմ իսկ է բանն ճշմարիտ, զի` Այլ է որ սերմանէ եւ այլ է որ հնձէ:
4:38 Ես առաքեցի զձեզ հնձել զոր ոչ դուք վաստակեցէք. այլք վաստակեցին եւ դուք ի վաստակս նոցա մտէք:
4:39 Եւ ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց բազումք հաւատացին ի նա վասն բանի կնոջն վկայելոյ, եթէ` Ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ էր:
4:40 Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինել առ նոսա. եւ եղեւ անդ աւուրս երկուս:
4:41 Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա:
4:42 Եւ ասէին ցկինն թէ` Ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք, զի մեզէն իսկ լուաք ի դմանէ, եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց:
4:43 Եւ յետ երկուց աւուրց ել անտի եւ գնաց ի Գալիլեա:
4:44 Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց եթէ` Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի:
4:45 Այլ յորժամ եկն նա ի Գալիլեա, ընկալան զնա Գալիլեացիքն. զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղէմ ի տօնին. քանզի եւ նոքա եկեալ էին ի տօնն:
4:46 Եկն դարձեալ ի Կանա Գալիլեացւոց ուր արար զջուրն գինի. եւ անդ էր թագաւորազն մի, որոյ որդի նորա հիւանդ կայր ի Կափառնայում:
4:47 Նա իբրեւ լուաւ եթէ Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գալիլեա, եկն առ նա եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա, քանզի մերձ էր ի մեռանել:
4:48 Ասէ ցնա Յիսուս. Եթէ ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք, ոչ հաւատայք:
4:49 Ասէ ցնա թագաւորազնն. Տէր, էջ մինչչեւ մեռեալ իցէ մանուկն իմ:
4:50 Ասէ ցնա Յիսուս. Երթ, որդին քո կենդանի է: Եւ հաւատաց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս, եւ գնաց:
4:51 Եւ մինչդեռ իջանէր, ընդ առաջ եղեն նմա ծառայքն նորա, աւետիս ետուն եւ ասեն թէ մանուկն նորա կենդանի է:
4:52 Հարցանէր ցնոսա վասն ժամուն յորում ապաքինեաց. եւ ասեն ցնա. Երէկ յեւթներորդ ժամու եթող զնա ջերմն:
4:53 Գիտաց հայրն նորա եթէ յայնմ ժամու յորում ասացն ցնա Յիսուս թէ` Որդին քո կենդանի է. եւ հաւատաց ինքն եւ ամենայն տուն իւր:
4:54 Զայս դարձեալ երկրորդ նշան արար Յիսուս` եկեալ ի Հրէաստանէ ի Գալիլեա:

Յովհաննէս - 5

5:1 Յետ այսորիկ տօն էր Հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ:
5:2 Եւ էր յԵրուսաղէմ ի Պրոբատիկէ աւազանին, որ կոչէր Եբրայեցերէն Բեթհեզդա, հինգ սրահ:
5:3 Յորս անկեալ դնէր բազմութիւն յոյժ հիւանդաց` կուրաց, կաղաց, գօսացելոց, որ ակն ունէին ջրոցն յուզելոյ:
5:4 Եւ հրեշտակ Տեառն ըստ ժամանակի իջանէր յաւազանն եւ յուզէր զջուրսն եւ որ նախ ի շարժումն ջուրցն իջանէր, բժշկէր` ոչ ունելով նշան հիւանդութեան:
5:5 Եւ անդ էր այր մի, որոյ երեսուն եւ ութ ամ էր ի հիւանդութեան իւրում:
5:6 Զնա իբրեւ ետես Յիսուս զի անկեալ դնէր, եւ գիտաց թէ բազում ժամանակք են այնուհետեւ, ասէ ցնա. Կամի՞ս ողջ լինել:
5:7 Պատասխանի ետ նմա հիւանդն. Տէր, ոչ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին, արկցէ զիս յաւազանն. եւ մինչ ես դանդաղիմ``, այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ:
5:8 Ասէ ցնա Յիսուս. Արի առ զմահիճս քո եւ գնա:
5:9 Եւ ողջացաւ այրն, եւ յարեաւ առ զմահիճս իւր եւ շրջէր. եւ էր շաբաթ յաւուրն յայնմիկ:
5:10 Ասեն Հրեայքն ցբժշկեալն. Շաբաթ է եւ ոչ է արժան առնուլ քեզ զմահիճս քո:
5:11 Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Որ բժշկեացն զիս, նա ասաց ցիս. Առ զմահիճս քո եւ գնա:
5:12 Հարցին ցնա եւ ասեն. Ո՞վ է այրն որ ասաց ցքեզ. Առ զմահիճս քո եւ շրջեաց:
5:13 Եւ բժշկեալն ոչ գիտէր թէ ով իցէ. քանզի Յիսուս խոյս ետ վասն ամբոխին ի տեղւոջէ անտի:
5:14 Յետ այսորիկ գտանէ զնա Յիսուս ի տաճարին, եւ ասէ ցնա. Ահաւադիկ ողջացար, մի՛ եւս մեղանչեր, զի մի՛ չար եւս ինչ լինիցի քեզ:
5:15 Գնաց այրն եւ պատմեաց Հրէիցն, եթէ Յիսուս էր որ բժշկեացն զիս:
5:16 Եւ վասն այնորիկ հալածէին զՅիսուս Հրէայք, զի զայն առնէր ի շաբաթու:
5:17 Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա. Հայր իմ մինչեւ ցայժմ գործէ եւ ես գործեմ:
5:18 Վասն այնորիկ առաւել խնդրէին Հրեայքն սպանանել զնա, զի ոչ միայն լուծանէր զշաբաթս, այլ եւ Հայր իւր կոչէր զԱստուած, եւ հաւասար առնէր զանձն Աստուծոյ:
5:19 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն ասեմ ձեզ. Ոչ կարէ Որդի մարդոյ առնել յանձնէ եւ ոչ ինչ, եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնէ. զի զոր նայն առնէ, զնոյն եւ Որդին նմին նման գործէ:
5:20 Զի Հայր սիրէ զՈրդի, եւ զամենայն ինչ ցուցանէ նմա զոր ինքն առնէ: Եւ մեծամեծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս, ընդ որ դուքդ զարմանայք:
5:21 Զի որպէս Հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանի առնէ, նոյնպէս եւ Որդի զորս կամի` կենդանի առնէ:
5:22 Եւ ոչ եթէ Հայր դատի զոք, այլ զամենայն դատաստան ետ Որդւոյ իւրոյ:
5:23 զի ամենեքեան պատուեսցեն զՈրդի, որպէս պատուեն զՀայրն. որ ոչ պատուէ զՈրդին, ոչ պատուէ զՀայր, զառաքիչն նորա:
5:24 Ամէն ամէն ասեմ ձեզ, զի` Որ զբանն իմ լսէ եւ հաւատայ այնմ որ առաքեացն զիս` ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ ի դատաստան ոչ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս:
5:25 Ամէն ամէն ասեմ ձեզ, զի` Գայ ժամանակ եւ արդէն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի Որդւոյն Աստուծոյ. եւ որք լսիցենն` կեցցեն:
5:26 Զի որպէս Հայր ունի կեանս յանձին իւրում, նոյնպէս ետ եւ Որդւոյ ունել կեանս յանձին իւրում:
5:27 եւ իշխանութիւն ետ նմա դատաստան առնել, եւ զի Որդի մարդոյ է:
5:28 Ընդ այն զի՞ զարմանայք, զի եկեսցէ ժամանակ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն` լուիցեն ձայնի նորա:
5:29 եւ եկեսցեն արտաքս. որոց զբարիս գործեալ իցէ` ի յարութիւն կենաց. եւ որոց զչար արարեալ` ի յարութիւն դատաստանաց:
5:30 Ոչ կարեմ ես յանձնէ առնել եւ ոչ ինչ. այլ որպէս լսեմ, դատիմ, եւ դատաստանն իմ արդար է. զի ոչ խնդրեմ զկամս իմ, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս:
5:31 Եթէ ես վկայեմ վասն իմ, վկայութիւն իմ չէ ճշմարիտ:
5:32 Ա՛յլ է որ վկայէ վասն իմ. եւ դուք գիտէք`` եթէ ճշմարիտ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ:
5:33 Դուք առաքեցէք առ Յովհաննէս եւ վկայեաց ճշմարտութեանն:
5:34 Այլ ես ոչ եթէ ի մարդկանէ առնում վկայութիւն, այլ զայս ասեմ զի դուք ապրեսջիք:
5:35 Նա էր ճրագն որ լուցեալ էր եւ ծագէր, եւ դուք կամեցարուք ցնծալ առ ժամանակ մի ի լոյս նորա:
5:36 Այլ ես ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու. զգործսն զորս ետ ցիս Հայր զի կատարեցից զնոսա, նոքին իսկ գործքն զոր գործեմ` վկայեն վասն իմ, եթէ Հայր առաքեաց զիս:
5:37 Եւ որ առաքեացն զիս Հայր` նա վկայեաց վասն իմ. դուք ոչ զձայն նորա երբեք լուարուք, եւ ոչ զտեսիլ նորա տեսէք:
5:38 եւ ոչ զբան նորա ունիք ի ձեզ բնակեալ, զի զոր նա առաքեաց` դուք նմա ոչ հաւատայք:
5:39 Քննեցէք զգիրս, զի դուք համարիք նոքօք ունել զկեանսն յաւիտենականս. եւ նոքին իսկ են որ վկայեն վասն իմ, որովք համարիքն ունել կեանս:
5:40 եւ դուք ոչ կամիք գալ առ իս զի զկեանսն ունիցիք:
5:41 Ես փառս ի մարդկանէ ոչ առնում:
5:42 Այլ գիտեմ զձեզ թէ զսէրն Աստուծոյ ոչ ունիք յանձինս:
5:43 Ես եկի յանուն Հօր իմոյ, եւ ոչ ընդունիք զիս. եթէ այլ ոք եկեսցէ յիւր անուն, զնա ընդունիցիք:
5:44 Զիա՞րդ կարէք դուք հաւատալ, զի փառս ի միմեանց առնուք, եւ զփառս զառ ի միոյն Աստուծոյ ոչ խնդրէք:
5:45 Մի՛ համարիք եթէ ես չարախօս ինչ իցեմ զձէնջ առ Հօր. գոյ որ չարախօս կայ զձէնջ, Մովսէս, յոր դուքն յուսացեալ էք:
5:46 Զի եթէ հաւատայիք դուք Մովսիսի, հաւատայիք արդեւք եւ ինձ, զի նա վասն իմ իսկ գրեաց:
5:47 Զի եթէ նորա գրոցն ոչ հաւատայք, զիա՞րդ իմոց բանիցս հաւատայցէք:

Յովհաննէս - 6

6:1 Յետ այսորիկ գնաց Յիսուս յայնկոյս ծովուն Գալիլեացւոց Տիբերեայ:
6:2 եւ զհետ երթայր նորա ժողովուրդ բազում, զի տեսանէին զնշանսն զոր առնէր ի վերայ հիւանդաց:
6:3 Ել ի լեառն Յիսուս, եւ անդ նստէր աշակերտօքն հանդերձ:
6:4 Եւ էր մերձ զատիկ տօնն Հրէից:
6:5 Բարձ ի վեր զաչս իւր Յիսուս եւ ետես, զի ժողովուրդ բազում գայր առ նա, ասէ ցՓիլիպպոս. Ուստի՞ գնեսցուք հաց զի կերիցեն դոքա:
6:6 Զայս ասէր փորձելով զնա, այլ ինքն գիտէր զինչ առնելոցն էր:
6:7 Պատասխանի ետ նմա Փիլիպպոս. Երկերիւր դահեկանի հաց չէ դոցա բաւական, թէպէտ եւ իւրաքանչիւր ոք սակաւ ինչ առնուցու:
6:8 Ասէ ցնա մի յաշակերտացն նորա, Անդրէաս, եղբայր Սիմովնի Վիմի:
6:9 Է աստ պատանեակ մի, որ ունի հինգ նկանակ գարեղէն եւ երկուս ձկունս, այլ այն զի՞նչ է առ այդչափ մարդիկդ:
6:10 Ասէ Յիսուս. Բազմեցուցէք զմարդիկդ: Եւ էր խոտ յոյժ ի տեղւոջն. եւ բազմեցան մարդիկն թուով իբրեւ հինգ հազար:
6:11 Եւ առ զհացն Յիսուս, եւ գոհացաւ եւ բաշխեաց բազմականացն. նոյնպէս եւ ի ձկանցն որչափ եւ կամեցան:
6:12 Եւ իբրեւ յագեցան, ասէ ցաշակերտսն. Ժողովեցէք զնշխարեալ կոտորսդ, զի մի՛ ինչ կորիցէ:
6:13 Ժողովեցին եւ լցին երկոտասան սակառի զկոտորոցն ի հինգ գարեղէն նկանակէ անտի, որ յաւելաւ ի կերողացն:
6:14 Իսկ մարդիկն իբրեւ տեսին զնշանսն զոր արար` ասէին եթէ` Սա է ճշմարիտ մարգարէն, որ գալոց էր յաշխարհ:
6:15 Յիսուս իբրեւ գիտաց եթէ գալոց են յափշտակել զնա զի արասցեն զնա թագաւոր, գնաց դարձեալ ի լեառն միայն:
6:16 Եւ իբրեւ երեկոյ եղեւ, իջին աշակերտքն նորա ի ծովեզրն:
6:17 եւ մտեալ ի նաւ` գնային յայնկոյս ծովուն ի Կափառնայում. եւ իբրեւ նսեմացաւ, եւ չեւ եւս եկեալ էր առ նոսա Յիսուս:
6:18 եւ ծովն ի սաստիկ հողմոյ շնչելոյ յուզէր:
6:19 Եւ վարեալ իբրեւ ասպարէզս քսան եւ հինգ կամ երեսուն, տեսանէին զՅիսուս զի գնայր ի վերայ ծովուն եւ մերձ էր ի նաւն, զարհուրեցան:
6:20 Նա ասէ ցնոսա. Ես եմ, մի՛ երկնչիք:
6:21 Եւ կամէին ընդունել զնա ի նաւն. եւ վաղվաղակի եհաս նաւն յերկիրն յոր երթային:
6:22 Ի վաղիւ անդր ժողովուրդն որ կայր յայնկոյս ծովուն, տեսանէր թէ այլ նաւ ոչ գոյր անդ բայց միայն ի միոյն, յոր մտին աշակերտքն Յիսուսի. եւ զի չէր մտեալ Յիսուս ընդ աշակերտսն իւր ի նաւն, բայց միայն աշակերտքն նորա գնացին:
6:23 Իբրեւ այլ նաւք գային`` ի Տիբերեայ մօտ յայն տեղին` ուր զհացն կերան:
6:24 Իսկ իբրեւ ետես ժողովուրդն եթէ Յիսուս ոչ է անդ եւ ոչ աշակերտքն նորա, առին նոքա զնաւսն, եւ եկին ի Կափառնայում խնդրել զՅիսուս:
6:25 Եւ իբրեւ գտին զնա յայնկոյս ծովուն, ասեն ցնա. Ռաբբի, ե՞րբ եկիր այսր:
6:26 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ. Խնդրէք զիս, իբր ոչ եթէ զի նշանս ինչ տեսէք, այլ զի կերայք ի հացէ անտի եւ յագեցարուք:
6:27 Երթայք գործեցէք մի՛ զկորստական կերակուրն, այլ զկերակուրն որ մնայ ի կեանսն յաւիտենականս, զոր Որդին մարդոյ տացէ ձեզ. քանզի զնա Հայր կնքեաց, Աստուած:
6:28 Ասեն ցնա. Զի՞նչ առնիցեմք զի զգործսն Աստուծոյ գործեսցուք:
6:29 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Այս է գործն Աստուծոյ, զի հաւատասջիք յայն զոր առաքեացն նա:
6:30 Ասեն ցնա. Զի՞նչ նշան առնիցես զի տեսցուք եւ հաւատասցուք. զի՞նչ գործիցես:
6:31 Հարքն մեր կերան զմանանայն յանապատի անդ, որպէս եւ գրեալ է. Հաց յերկնից ետ նոցա ուտել:
6:32 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ թէ` Ոչ Մովսէս ետ ձեզ զհացն յերկնից, այլ Հայրն իմ տայ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ:
6:33 Զի հաց յԱստուծոյ է, որ իջանէն յերկնից եւ կեանս տայ աշխարհի:
6:34 Ասեն ցնա. Տէր, յամենայն ժամ տուր մեզ զհացն զայն:
6:35 Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գայ առ իս` ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս` ոչ երբեք ծարաւեսցի:
6:36 Այլ ասացի ձեզ եթէ տեսէք զիս եւ ոչ հաւատայք:
6:37 Զամենայն զոր տայ ինձ Հայր` առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս` ոչ հանից արտաքս:
6:38 Զի իջի ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս:
6:39 Այս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս, զի զամենայն զոր ետ ցիս Հայր` ոչ կորուսից ի նմանէ, այլ յարուցից զնա յաւուրն յետնում:
6:40 Այս են կամք Հօր իմոյ, զի ամենայն որ տեսանիցէ զՈրդի եւ հաւատայցէ ի նա, ընկալցի զկեանսն յաւիտենականս, եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում:
6:41 Տրտնջէին զնմանէ Հրեայքն, զի ասաց թէ` Ես եմ հացն իջեալ յերկնից:
6:42 եւ ասէին. Ո՞չ սա է Յիսուս որդին Յովսեփու, զորոյ մեք գիտեմք զհայրն եւ զմայր. իսկ արդ զիա՞րդ ասէ եթէ` Ես յերկնից իջի:
6:43 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Մի՛ քրթմնջէք ընդ միմեանս:
6:44 Ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ Հայրն որ զիս առաքեաց` ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում:
6:45 Գրեալ է ի մարգարէս. Եւ եղիցին ամենեքեան ուսեալք յԱստուծոյ. ամենայն որ լսէ ի Հօրէ եւ ուսանի` գայ առ իս:
6:46 Իբրեւ ոչ եթէ զՀայր ուրուք տեսեալ իցէ, եթէ ոչ որ էն յԱստուծոյ` նա ետես զՀայր:
6:47 Ամէն ամէն ասեմ ձեզ զի` Որ հաւատայ` ընդունի զկեանսն յաւիտենականս:
6:48 Ես եմ հացն կենաց:
6:49 Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին եւ մեռան:
6:50 Այս է հացն որ յերկնիցն իջեալ է, զի որ ուտիցէ ոք ի սմանէ` մի՛ մեռանիցի:
6:51 Ես եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ:
6:52 Եթէ ոք ուտիցէ ի հացէ յայսմանէ, կեցցէ ի յաւիտեան. եւ հացն զոր ես տաց` մարմին իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի:
6:53 Մարտնչէին ընդ միմեանս Հրեայքն եւ ասէին. Զիա՞րդ կարէ սա տալ մեզ զմարմին իւր յուտել:
6:54 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ կերիջիք զմարմին Որդւոյ մարդոյ եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս:
6:55 Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զկեանս յաւիտենականս, եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում:
6:56 Զի մարմին իմ ճշմարիտ կերակուր է, եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է:
6:57 Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, յիս բնակեսցէ, եւ ես ի նմա:
6:58 Որպէս առաքեաց զիս կենդանին Հայր, եւ ես կենդանի եմ վասն Հօր. եւ որ ուտէն զիս` եւ նա կեցցէ վասն իմ:
6:59 Այս է հացն որ յերկնից իջեալ. ոչ որպէս կերան հարքն ձեր զմանանայն եւ մեռան. որ ուտէ զհացս զայս` կեցցէ յաւիտեան:
6:60 Զայս ասաց ի ժողովրդեանն յուսուցանելն ի Կափառնայում:
6:61 Եւ բազումք յաշակերտացն իբրեւ լուան, ասեն. Խիստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա:
6:62 Իբրեւ գիտաց Յիսուս յանձն իւր եթէ տրտնջեն վասն այնորիկ աշակերտքն նորա, ասէ ցնոսա. Այդ գայթակղեցուցանէ՞ զձեզ:
6:63 Իսկ արդ, եթէ տեսանիցէք զՈրդի մարդոյ, զի ելանիցէ ուր էր զառաջինն:
6:64 Հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ օգնէ. զբանն զոր ես խօսեցայ ընդ ձեզ` հոգի է եւ կեանք:
6:65 Այլ են ոմանք ի ձէնջ որ ոչ հաւատան. քանզի գիտէր Յիսուս ի սկզբանէ ով են այնոքիկ որ ոչն հաւատան, եւ ով այն է որ մատնելոցն է զնա:
6:66 Եւ ասէր. Վասն այնորիկ ասացի ձեզ թէ ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ իցէ տուեալ նմա ի Հօրէ իմմէ:
6:67 Յայսմանէ բազումք յաշակերտացն նորա չոգան յետս, եւ ոչ եւս շրջէին ընդ նմա:
6:68 Ասէ Յիսուս ցերկոտասան աշակերտսն. Միթէ եւ դո՞ւք կամիք երթալ:
6:69 Պատասխանի ետ նմա Սիմովն Պետրոս. Տէր, առ ո՞վ երթիցուք, բանս կենաց յաւիտենականաց ունիս:
6:70 Եւ մեք հաւատացաք եւ ծանեաք եթէ դու ես Քրիստոսն Որդի Աստուծոյ:
6:71 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ ես զձեզ զերկոտասանսդ ընտրեցի, եւ միդ ի ձէնջ սատանայ է:
6:72 Եւ ասէր զՍիմովնեան Յուդայէ Իսկարիովտացւոյ``, զի նա իսկ մատնելոց էր զնա, եւ մի էր յերկոտասանիցն:

Յովհաննէս - 7

7:1 Եւ յետ այսորիկ շրջէր Յիսուս ի Գալիլեա, քանզի ոչ կամէր ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա Հրեայքն սպանանել:
7:2 Եւ էր մերձ տօնն Հրէից տաղաւարահարաց:
7:3 Ասեն ցնա եղբարքն նորա. Գնա աստի եւ երթ ի Հրէաստան, զի եւ աշակերտքն քո տեսցեն զգործսդ քո զոր գործես:
7:4 Զի ոչ ոք է որ ի ծածուկ ինչ գործէ, եւ խնդրէ ինքն համարձակ լինել. եթէ զայդ գործես, յայտնեա զանձն քո աշխարհի:
7:5 Քանզի եւ եղբարքն իսկ չէին հաւատացեալ ի նա:
7:6 Ասէ ցնոսա Յիսուս. Ժամանակ իմ չեւ է հասեալ, բայց ձեր ժամանակ յամենայն ժամու պատրաստ է:
7:7 Ոչ կարէ աշխարհ ատել զձեզ, բայց զիս ատեայ, զի ես վկայեմ վասն նորա եթէ գործքն իւր չարութեան են:
7:8 Դուք երթայք ի տօնն յայն, ես ոչ երթամ ի տօնն յայն. զի իմ ժամանակ չեւ է լցեալ:
7:9 Զայս իբրեւ ասաց, ինքն մնաց անդէն ի Գալիլեա:
7:10 Իբրեւ ելին եղբարքն նորա, ապա եւ ինքն ել ի տօնն, ոչ յայտնի այլ իբրեւ ի ծածուկ:
7:11 Եւ Հրեայքն խնդրէին զնա ի տօնի անդ եւ ասէին. Ո՞ւր իցէ նա:
7:12 Եւ քրթմնջիւն էր զնմանէ ի ժողովուրդսն. կէսքն ասէին թէ` Բարւոք է. այլք ասէին. Ոչ, այլ մոլորեցուցանէ զժողովուրդն:
7:13 Եւ ոչ ոք համարձակ խօսէր զնմանէ վասն երկիւղին Հրէից:
7:14 Իբրեւ տօնն ընդմիջեցաւ, ել Յիսուս ի տաճարն եւ ուսուցանէր:
7:15 Զարմանային Հրեայքն եւ ասէին. Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք:
7:16 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Իմ վարդապետութիւնս չէ իմ, այլ այնորիկ որ առաքեացն զիս:
7:17 Եթէ ոք կամի զկամս նորա առնել, գիտասցէ վասն վարդապետութեանս, յԱստուծո՞յ իցէ արդեւք եթէ ես ինչ յանձնէ իմմէ խօսիմ:
7:18 Որ յանձնէ իւրմէ խօսի` փառս անձին իւրում խնդրէ, իսկ որ խնդրէ զփառս այնորիկ որ առաքեացն զնա` նա ճշմարիտ է, եւ անիրաւութիւն ոչ գոյ ի նմա:
7:19 Ո՞չ Մովսէս ետ ձեզ զօրէնսն, եւ ոչ ոք ի ձէնջ առնէ զօրէնսն:
7:20 Զի՞ խնդրէք զիս սպանանել: Պատասխանի ետ ժողովուրդն եւ ասէ. Դեւ գոյ ի քեզ, ո՞վ խնդրէ զքեզ սպանանել:
7:21 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Գործ մի գործեցի, եւ ամենեքին զարմացեալ էք:
7:22 Վասն այնորիկ Մովսէս ետ ձեզ թլփատութիւն, (զի ոչ եթէ ի Մովսիսէ էր, այլ ի հարց անտի,) եւ ի շաբաթու թլփատէք զմարդ:
7:23 Իսկ արդ եթէ թլփատութիւն առնու մարդ ի շաբաթու, զի մի՛ օրէնքն Մովսիսի լուծցին, ընդ իս ցասուցեա՞լ էք զի ողջոյն իսկ մարդ բժշկեցի ի շաբաթու:
7:24 Մի՛ ըստ աչս դատիք, այլ ուղիղ դատաստան արարէք:
7:25 Ասէին ոմանք յԵրուսաղեմացւոց անտի. Ո՞չ նա է սա զոր խնդրէին սպանանել:
7:26 եւ աւասիկ յայտնապէս խօսի, եւ չասեն ինչ ընդ դմա. գուցէ արդեւք եւ իշխանքն գիտացին թէ սա իցէ Քրիստոսն:
7:27 Այլ զսա գիտեմք ուստի է, իսկ Քրիստոսն յորժամ գայցէ, ոչ ոք գիտէ ուստի է:
7:28 Աղաղակեաց Յիսուս ի տաճարին, ուսուցանէր եւ ասէր. Ե՛ւ զիս գիտէք, ե՛ւ ուստի եմ գիտէք. եւ յանձնէ իմմէ ոչ եմ եկեալ, այլ է ճշմարիտ որ առաքեացն զիս զոր դուքն ոչ գիտէք:
7:29 Ես գիտեմ զնա, զի ի նմանէ իսկ եմ, եւ նա առաքեաց զիս:
7:30 Խնդրէին զնա ունել` եւ ել ի ձեռաց նոցա.`` եւ ոչ ոք արկ ի նա ձեռն. զի չեւ էր հասեալ ժամ նորա:
7:31 Եւ բազումք ի ժողովրդենէն հաւատացին ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ, միթէ աւելի՞ ինչ նշանս առնիցէ քան զոր սայս առնէ:
7:32 Եւ լուան փարիսեցիքն զտրտունջ ժողովրդեանն զնմանէ. եւ առաքեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն սպասաւորս զի կալցին զնա:
7:33 Ասէ Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ ընդ ձեզ եմ, եւ երթամ առ այն որ առաքեացն զիս:
7:34 Խնդրիցէք զիս եւ ոչ գտանիցէք, եւ ուր եսն երթամ` դուք ոչ կարէք գալ:
7:35 Ասեն Հրեայքն ընդ միմեանս. Իսկ յո՞ երթայցէ դա, զի մեք ոչ գտանիցեմք զդա. միթէ ի սփիռս հեթանոսա՞ց երթայցէ եւ ուսուցանիցէ զհեթանոսս:
7:36 Զի՞նչ է բանն այն զոր ասաց. Խնդրիցէք զիս եւ ոչ գտանիցէք. եւ ուր եսն երթամ` դուք ոչ կարէք գալ:
7:37 Ի վերջնում աւուր մեծի տօնին կայր Յիսուս, աղաղակէր եւ ասէր. Եթէ ոք ծարաւի իցէ, եկեսցէ առ իս եւ արբցէ:
7:38 Որ հաւատայ յիս` որպէս եւ ասեն գիրք. Գետք յորովայնէ նորա բղխեսցեն ջրոց կենդանութեան:
7:39 Զայս ասէր վասն Հոգւոյն զոր ընդունելոց էին որ հաւատային ի նա. զի չեւ էր Հոգի``, քանզի Յիսուս չեւ էր փառաւորեալ:
7:40 Ոմանք ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. Սա է ճշմարիտ մարգարէն:
7:41 Այլքն ասէին. Սա է Քրիստոսն. իսկ կէսքն ասէին. Միթէ ի Գալիլէէ՞ գալոց իցէ Քրիստոսն:
7:42 Ո՞չ գիրք ասեն եթէ` Ի զաւակէ Դաւթի եւ ի Բեթղեհեմ գեղջէ ուր Դաւիթն էր` գալոց է Քրիստոս:
7:43 Եւ եղեւ հերձուած ի մէջ ժողովրդեանն վասն նորա:
7:44 Եւ ոմանք ի նոցանէ կամեցան ունել զնա, այլ ոչ ոք մխեաց ի նա ձեռն:
7:45 Եւ եկին անդրէն սպասաւորքն առ քահանայապետսն եւ փարիսեցիս, եւ ասեն սոքա ցնոսա. Ընդէ՞ր ոչ ածէք զնա այսր:
7:46 Պատասխանի ետուն սպասաւորքն եւ ասեն. Ոչ երբեք այնպէս խօսեցաւ մարդ որպէս այրն այն:
7:47 Պատասխանի ետուն փարիսեցիքն եւ ասեն. Միթէ եւ դո՞ւք մոլորեցարուք:
7:48 Միթէ ոք յիշխանացն հաւատա՞ց ի նա կամ ի փարիսեցւոցն:
7:49 այլ այն խաժամուժ ամբոխ որ ոչ գիտէ զօրէնս, եւ նզովեալ են:
7:50 Ասէ Նիկոդեմոս ցնոսա (որ եկեալն էր առ նա գիշերի յառաջագոյն, եւ մի էր ի նոցանէ:
7:51 Միթէ օրէնքն մեր դատի՞ն զմարդ, եթէ ոչ լսեն ինչ նախ ի նմանէ, կամ գիտեն զինչ գործէ:
7:52 Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Միթէ եւ դո՞ւ եւս ի Գալիլէէ իցես. քննեա եւ տես, զի մարգարէ ի Գալիլէէ ոչ յառնէ:

Յովհաննէս - 8

8:1 Եւ գնացին իւրաքանչիւր ոք ի տեղի իւր, իսկ Յիսուս գնաց ի լեառն Ձիթենեաց:
8:2 Եւ ընդ առաւօտսն դարձեալ եկն ի տաճարն, եւ գայր առ նա ամենայն ժողովուրդն, եւ նստեալ ուսուցանէր զնոսա:
8:3 Ածին առ նա դպիրքն եւ քահանայապետքն`` եւ փարիսեցիք կին մի ըմբռնեալ ի շնութեան. եւ կացուցեալ զնա առաջի:
8:4 ասեն ցնա. Վարդապետ, կինս այս ըմբռնեալ` ինքն յայտնապէս շնացեալ է:
8:5 Եւ յօրէնսն Մովսէս մեզ պատուիրեաց զայսպիսիս քարկոծել. արդ դու զի՞նչ ասես վասն դորա:
8:6 Զայս ասէին փորձելով զնա, զի ունիցին ամբաստանութիւն զնմանէ. իսկ Յիսուս ի խոնարհ նայելով գրէր մատամբն յերկրի:
8:7 Իսկ իբրեւ ստիպեցին հարցանելով ցնա, հայեցեալ ի վեր` ասէ ցնոսա. Անմեղն ի ձէնջ նախ նա ընկեսցէ քար ի վերայ դորա:
8:8 Եւ դարձեալ ի խոնարհ նայելով գրէր յերկրի:
8:9 Եւ լուեալ ելանէին`` մի ըստ միոջէ, սկսեալ յառաջնոցն մինչեւ ի վերջինսն. եւ մնաց միայն Յիսուս, եւ կինն կայր առաջի նորա:
8:10 Պատասխանի ետ Յիսուս եւ`` ասէ ցնա. Կին դու, ո՞ւր են. ո՞չ ոք`` զքեզ դատապարտեաց:
8:11 Եւ ասէ. Ոչ, Տէր: Եւ ասէ Յիսուս. Եւ ոչ ես դատապարտեմ զքեզ, երթ, յայսմ հետէ մի՛ մեղանչեր:
8:12 Դարձեալ խօսեցաւ ընդ նոսա Յիսուս եւ ասէ. Ես եմ լոյս աշխարհի. որ գայ զկնի իմ` ընդ խաւար մի՛ գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց:
8:13 Ասեն ցնա փարիսեցիքն. Դու վասն անձին քո վկայես, եւ վկայութիւն քո չէ ճշմարիտ:
8:14 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Թէպէտ եւ ես վկայեմ վասն անձին իմոյ, վկայութիւն իմ ճշմարիտ է. զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ. բայց դուք ոչ գիտէք ուստի գամ կամ յո երթամ:
8:15 Դուք ըստ մարմնոյ դատիք, ես ոչ դատիմ եւ ոչ զոք:
8:16 թէպէտ եւ դատիմ եւս զոք, դատաստանն իմ ճշմարիտ է. զի չեմ միայն, այլ ես եւ որ առաքեացն զիս Հայր:
8:17 Եւ յօրէնսն իսկ ձեր գրեալ է թէ` Երկուց մարդոց վկայութիւն ճշմարիտ է:
8:18 Ես եմ որ վկայեմ վասն իմ, եւ վկայէ վասն իմ որ առաքեացն զիս Հայր:
8:19 Ասէին ցնա. Ո՞ւր է Հայր քո: Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ոչ զիս գիտէք եւ ոչ զՀայրն իմ. եթէ զիս գիտէիք, եւ զՀայրն իմ թերեւս գիտէիք:
8:20 Զայս բանս խօսեցաւ ի տան գանձին, յորժամ ուսուցանէր ի տաճարի անդ. եւ ոչ ոք կալաւ զնա, զի չեւ եւս հասեալ էր ժամ նորա:
8:21 Ասէ դարձեալ ցնոսա Յիսուս. Ես երթամ, եւ խնդրիցէք զիս, եւ ի մեղս ձեր մեռանիցիք. զի ուր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ:
8:22 Ասէին Հրեայքն. Միթէ զիւրովի՞ն երթայցէ, զի ասէ թէ` Ուր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ:
8:23 Եւ ասէ ցնոսա. Դուք ի ներքուստ աստի էք, եւ ես ի վերուստ անտի եմ. դուք յաշխարհէ աստի էք, ես չեմ յայսմ աշխարհէ:
8:24 Բայց ասացի ձեզ թէ` Ի մեղս ձեր մեռանիցիք. զի թէ ոչ հաւատայցէք թէ ես եմ, մեռանիցիք ի մեղս ձեր:
8:25 Ասեն ցնա. Դու ո՞վ ես: Ասէ ցնոսա Յիսուս. Նախ զի եւ խօսիմս իսկ ընդ ձեզ:
8:26 Բազում ինչ ունիմ վասն ձեր խօսել եւ դատել. այլ որ առաքեացն զիս` ճշմարիտ է. եւ ես զոր լուայն ի նմանէ` զայն խօսիմ յաշխարհի:
8:27 Եւ ոչ գիտացին թէ զՀօրէ ասէր ցնոսա:
8:28 Ասէ ցնոսա Յիսուս. Յորժամ բարձրացուցանիցէք զՈրդի մարդոյ, յայնժամ գիտասջիք թէ ես եմ. եւ յանձնէ իմմէ ոչ ինչ առնեմ, այլ որպէս ուսոյց զիս Հայրն իմ, զայն խօսիմ:
8:29 Եւ որ առաքեացն զիս` ընդ իս է. ոչ եթող զիս միայն, զի ես զհաճոյս նորա առնեմ հանապազ:
8:30 Իբրեւ զայս խօսեցաւ, բազումք հաւատացին ի նա:
8:31 Եւ ասէր Յիսուս առ Հրեայսն հաւատացեալս. Եթէ դուք կացջիք ի բանի իմում, ճշմարիտ աշակերտք իմ էք:
8:32 եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ:
8:33 Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Զաւակ Աբրահամու եմք, եւ ոչ ումեք երբեք ծառայեցաք. զիա՞րդ ասես թէ` Ազատք լինիջիք:
8:34 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ թէ` Ամենայն որ առնէ զմեղս` ծառայ է մեղաց:
8:35 Եւ ծառայն ոչ յաւիտեան կայ ի տան, իսկ որդին յաւիտեան կայ:
8:36 Իսկ արդ եթէ Որդին զձեզ ազատեցուսցէ, ճշմարիտ ազատք լինիջիք:
8:37 Գիտեմ զի զաւակ Աբրահամու էք, այլ խնդրէք սպանանել զիս, զի բանին իմոյ չիք տեղի ի ձեզ:
8:38 Ես զոր տեսի առ Հօր իմում` խօսիմ, եւ դուք զոր լուարուք ի Հօրէն ձերմէ` առնէք:
8:39 Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Հայր մեր Աբրահամ է: Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ որդիք Աբրահամու էիք, զգործսն Աբրահամու գործէիք:
8:40 Այլ այժմիկ խնդրէք սպանանել զիս, զայր մի` որ ձեզ զճշմարտութիւն խօսեցայ, զոր լուայ ի Հօրէ իմմէ``. զայդ Աբրահամ ոչ արար:
8:41 Դուք առնէք զգործս հօրն ձերոյ: Ասեն ցնա. Մեք ի պոռնկութենէ չեմք ծնեալ. մի է Հայր մեր, Աստուած:
8:42 Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ Աստուած էր Հայր ձեր, սիրէիք արդեւք զիս. զի ես յԱստուծոյ ելի եւ եկի, եւ ոչ եթէ յանձնէ ինչ եկի, այլ նա առաքեաց զիս:
8:43 Ընդէ՞ր զխօսս իմ ոչ գիտէք դուք. վասն զի ոչ կարէք լսել զբանն իմ:
8:44 Դուք ի հօրէ ի Սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց, զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ, յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա:
8:45 Իսկ ես զի զճշմարտութիւն խօսիմ, ոչ հաւատայք ինձ:
8:46 Ո՞ ոք ի ձէնջ յանդիմանէ զիս վասն մեղաց. եթէ զճշմարիտն ասեմ ձեզ, ընդէ՞ր ոչ հաւատայք ինձ:
8:47 Որ էն յԱստուծոյ` զբանս Աստուծոյ լսէ. եւ դուք վասն այնորիկ ոչ լսէք, զի չէք յԱստուծոյ:
8:48 Պատասխանի ետուն Հրեայքն եւ ասեն ցնա. Ո՞չ բարւոք ասեմք մեք եթէ Սամարացի ես դու, եւ դեւ գոյ ի քեզ:
8:49 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Յիս դեւ ոչ գոյ, այլ պատուեմ զՀայր իմ, եւ դուք անարգէք զիս:
8:50 Ես ոչ խնդրեմ զփառս իմ, է որ խնդրէն եւ դատի:
8:51 Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, զմահ մի՛ տեսցէ ի յաւիտեան:
8:52 Ասեն ցնա Հրեայքն. Արդ գիտացաք թէ դեւ գոյ ի քեզ. Աբրահամ մեռաւ, եւ մարգարէքն, եւ դու ասես. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, մի՛ ճաշակեսցէ զմահ ի յաւիտեան:
8:53 Միթէ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայր մեր Աբրահամ, որ մեռաւ, եւ մարգարէքն մեռան. արդ դու զո՞ առնես զքեզ:
8:54 Պատասխանի ետ Յիսուս. Եթէ ես փառաւորեմ զանձն իմ, փառքն իմ ոչինչ են. է Հայր որ փառաւորէ զիս, զորմէ դուքն ասէք թէ` Աստուած մեր է:
8:55 եւ ոչ ճանաչէք զնա, բայց ես գիտեմ զնա. եւ եթէ ասեմ թէ ոչ գիտեմ զնա, ձեզ նման սուտ լինիմ. այլ գիտեմ զնա եւ զբան նորա պահեմ:
8:56 Աբրահամ հայր ձեր ցանկացաւ տեսանել զօր իմ, ետես եւ ուրախ եղեւ:
8:57 Ասեն ցնա Հրեայքն. Յիսուն ամ չեւ եւս է քո, եւ զԱբրահա՞մ տեսեր:
8:58 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ. Յառաջ քան զլինելն Աբրահամու եմ ես:
8:59 Վէմս առին զի արկցեն ի վերայ նորա, եւ Յիսուս խոյս ետ եւ ել գնաց ի տաճարէ անտի:

Յովհաննէս - 9

9:1 Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կոյր ի ծնէ:
9:2 եւ հարցին ցնա աշակերտքն նորա եւ ասեն. Ռաբբի, ո՞յր վնաս է, սորա՞ թէ հօր եւ մօր իւրոյ, զի կոյր ծնցի:
9:3 Պատասխանի ետ Յիսուս. Ոչ դորա վնաս է, եւ ոչ հօր եւ մօր իւրոյ. այլ զի յայտնի լիցին գործքն Աստուծոյ ի դմա:
9:4 Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս, մինչ աւուր կայ. գայ գիշեր, յորժամ ոչ ոք կարէ գործել:
9:5 Մինչդեռ յաշխարհի եմ, լոյս եմ աշխարհի:
9:6 Զայս իբրեւ ասաց, եթուք ի գետին եւ արար կաւ ի թքոյն, եւ ծեփեաց զկաւն ի վերայ աչաց կուրին:
9:7 եւ ասէ ցնա. Երթ, լուա յաւազանին Սիլովամայ, (որ թարգմանի Առաքեալ.) չոգաւ լուացաւ, եկն եւ տեսանէր:
9:8 Իսկ դրացիքն եւ որոց տեսեալն էր զնա յառաջագոյն թէ մուրացիկ էր` ասէին. Ո՞չ սա էր որ նստէրն եւ մուրանայր: Կէսքն ասէին. Նա է:
9:9 Այլքն ասէին. Ոչ, այլ`` նման է նմա: Եւ ինքն ասէր թէ` Ես եմ:
9:10 Ասեն ցնա. Իսկ զիա՞րդ բացան աչք քո:
9:11 Նա ետ պատասխանի. Այր մի որում Յիսուսն ասեն` կաւ արար եւ ծեփեաց զաչս իմ, եւ ասէ ցիս. Երթ ի Սիլովամ եւ լուա. չոգայ, լուացայ եւ տեսանեմ:
9:12 Ասեն ցնա. Ո՞ւր է նա: Ասէ ցնոսա. Ոչ գիտեմ:
9:13 Ածին առ փարիսեցիսն զնա որ երբեմն կոյրն էր:
9:14 Եւ էր շաբաթ, յորժամ զկաւն արար Յիսուս, եւ եբաց զաչս կուրին:
9:15 Դարձեալ հարցանէին զնա եւ փարիսեցիքն թէ` Զիա՞րդ տեսանես: Եւ նա ասէ ցնոսա. Կաւ եդ ի վերայ աչաց իմոց, եւ լուացայ եւ տեսանեմ:
9:16 Ասեն ոմանք ի փարիսեցւոցն. Ոչ է այրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ոչ պահէ: Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր այսպիսի նշանս առնել: Եւ էին հերձուածք ի մէջ նոցա:
9:17 Ասեն դարձեալ ցկոյրն. Դու զի՞ ասես վասն նորա զի եբաց զաչս քո: Եւ նա ասէր թէ` Մարգարէ է:
9:18 Եւ ոչ հաւատային Հրեայքն զնմանէ թէ կոյր էր եւ բացաւ, մինչեւ կոչեցին զծնողս բացելոյն:
9:19 հարցին ցնոսա եւ ասեն. Սա՞ է որդին ձեր, զորմէ դուքն ասէիք եթէ կոյր ծնաւ, արդ զիա՞րդ տեսանէ:
9:20 Պատասխանի ետուն նոցա ծնողքն նորա եւ ասեն. Գիտեմք զի սա է որդին մեր, եւ զի կոյր ծնաւ:
9:21 բայց զիա՛րդ այժմդ տեսանէ, ոչ գիտեմք. կամ թէ ո՛վ եբաց զաչս դորա, մեք ոչ գիտեմք. ցդա իսկ հարցէք, ինքնին ի չափ հասեալ է, ինքն իսկ խօսեսցի վասն իւր:
9:22 Զայս ասացին ծնողքն նորա, զի երկնչէին ի Հրէիցն. քանզի ուխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցի զնա Քրիստոս, ի բաց կացցէ ի ժողովրդենէն:
9:23 Վասն այնորիկ ասացին ծնողքն նորա թէ` Ինքնին ի չափ հասեալ է, ցնա իսկ հարցէք:
9:24 Դարձեալ կրկին անգամ կոչեցին զայրն որ կոյրն էր, եւ ասեն ցնա. Տուր փառս Աստուծոյ. մեք գիտեմք զի այրն այն մեղաւոր է:
9:25 Եւ նա ասէ. Թէ մեղաւոր իցէ, ես ոչ գիտեմ. բայց զայս գիտեմ, զի կոյր էի եւ արդ տեսանեմ:
9:26 Դարձեալ ասեն ցնա. Զի՞նչ արար քեզ, զիա՞րդ եբաց զաչս քո:
9:27 Պատասխանի ետ նոցա. Այժմ ասացի ձեզ եւ ոչ լուարուք. զի՞ կամիք միւսանգամ լսել. միթէ եւ դո՞ւք կամիք աշակերտել նմա:
9:28 Նոքա հայհոյէին զնա եւ ասէին. Դու լիջիր նորա աշակերտ, մեք Մովսիսի աշակերտք եմք:
9:29 Մեք գիտեմք զի ընդ Մովսիսի խօսեցաւ Աստուած, զսա ոչ գիտեմք ուստի՛ իցէ:
9:30 Պատասխանի ետ այրն եւ ասէ ցնոսա. Այդ իսկ են սքանչելիք, զի դուք ոչ գիտէք ուստի՛ իցէ, եւ զիմ զաչս եբաց:
9:31 Գիտեմք զի Աստուած մեղաւորաց ոչ լսէ, բայց եթէ աստուածապաշտ ոք իցէ եւ զկամս նորա առնիցէ, նմա լսէ:
9:32 Ի յաւիտենից ոք ոչ լուաւ եթէ եբաց ոք զաչս կուրի ի ծնէ կոյր ծնելոյ:
9:33 Եթէ ոչ յԱստուծոյ էր այրն այն, ոչ կարէր առնել ինչ:
9:34 Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ի մեղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապե՞տ լինիս մեր: Եւ հանին զնա արտաքս:
9:35 Լուաւ Յիսուս եթէ հանին զնա արտաքս, եւ իբրեւ եգիտ զնա, ասէ ցնա. Դու հաւատա՞ս յՈրդի Աստուծոյ:
9:36 Նա պատասխանի ետ եւ ասէ. ՏԷր, ո՞վ է զի հաւատացից ի նա:
9:37 Ասէ ցնա Յիսուս. Ե՛ւ տեսեր զնա, ե՛ւ որ խօսիդ ընդ քեզ` նա է:
9:38 Եւ նա ասէ. Հաւատամ, Տէր: Եւ երկիր եպագ նմա:
9:39 Եւ ասէ Յիսուս. Ի դատաստան եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն` տեսցեն, եւ որք տեսանենն` կուրասցին:
9:40 Լուան ոմանք ի փարիսեցւոցն որք ընդ նմա էին, եւ ասեն ցնա. Միթէ եւ մե՞ք կոյրք իցեմք:
9:41 Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ կոյրք էիք, ոչ էր ձեր մեղ. բայց արդ ասէք եթէ` Տեսանեմք, եւ մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են:

Յովհաննէս - 10

10:1 Ամէն ամէն ասեմ ձեզ. Որ ոչ մտանէ ընդ դուռն ի գաւիթ ոչխարացն, այլ ընդ այլ ելանէ` նա գող է եւ աւազակ:
10:2 Իսկ որ մտանէ ընդ դուռն` հովիւ է ոչխարաց:
10:3 Նմա դռնապանն բանայ, եւ ոչխարքն ձայնի նորա լսեն, եւ զիւր ոչխարսն կոչէ յանուանէ եւ հանէ զնոսա:
10:4 Եւ յորժամ զիւրն զամենայն`` հանիցէ, առաջի նոցա երթայ, եւ ոչխարքն զհետ նորա երթան, զի ճանաչեն զձայն նորա:
10:5 Զօտարի զհետ ոչ երթիցեն, այլ փախիցեն ի նմանէ, զի ոչ ճանաչեն զձայն օտարաց:
10:6 Զայս առակ ասաց նոցա Յիսուս, եւ նոքա ոչ գիտէին եթէ զինչ էր որ խօսէրն ընդ նոսա:
10:7 Դարձեալ ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ զի` Ես եմ դուռն ոչխարաց:
10:8 Ամենեքեան որ յառաջ քան զիս եկին` գողք էին եւ աւազակք. այլ ոչ լուան նոցա ոչխարքն:
10:9 Ես եմ դուռն, ընդ իս եթէ ոք մտանիցէ, կեցցէ. մտցէ եւ ելցէ եւ ճարակ գտցէ:
10:10 Գող ոչ գայ, եթէ ոչ զի գողասցի եւ սպանցէ եւ կորուսցէ. ես եկի զի զկեանս ունիցին, եւ առաւել եւս ունիցին:
10:11 Ես եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց:
10:12 Իսկ վարձկանն որ ոչ է հովիւ, որոյ ոչ իւր են ոչխարքն, իբրեւ տեսանէ զգայլն զի գայ, թողու զոչխարսն եւ փախչի. եւ գայլն յափշտակէ զնոսա եւ ցրուէ:
10:13 քանզի վարձկան է, եւ չէ փոյթ նմա վասն ոչխարացն:
10:14 Ես եմ հովիւն քաջ, եւ ճանաչեմ զիմսն եւ ճանաչիմ յիմոցն:
10:15 Որպէս գիտէ զիս Հայր, գիտեմ եւ ես զՀայր. եւ զանձն իմ դնեմ ի վերայ ոչխարաց:
10:16 Նա եւ այլ եւս ոչխարք են իմ որ ոչ են յայսմ գաւթէ, եւ զայնս եւս պարտ է ինձ ածել այսր, եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ:
10:17 Վասն այնորիկ սիրէ զիս Հայր իմ, զի ես դնեմ զանձն իմ, զի միւսանգամ առից զնա:
10:18 Ոչ ոք հանէ զնա յինէն, այլ ես դնեմ զնա անձամբ իմով. իշխանութիւն ունիմ դնել զնա, եւ իշխանութիւն ունիմ միւսանգամ առնուլ զնա. զայս պատուէր առի ի Հօրէ իմմէ:
10:19 Դարձեալ հերձուած լինէր ի մէջ Հրէից վասն բանիցս այսոցիկ:
10:20 Եւ ասէին բազումք ի նոցանէ. Դեւ գոյ ի նմա եւ մոլեգնի, զի՞ բնաւ լսէք նմա:
10:21 Կէսքն ասէին. Այսպիսի բանք ոչ դիւահարի են. միթէ դեւ կարէ՞ զաչս կուրի բանալ:
10:22 Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմեռն էր:
10:23 Եւ շրջէր Յիսուս ի տաճարին ի սրահին Սողոմովնի:
10:24 Շուրջ եղեն զնովաւ Հրեայքն եւ ասեն. Մինչեւ յե՞րբ թափես զոգիս մեր. եթէ դու ես Քրիստոսն, ասա մեզ համարձակ:
10:25 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Ասացի ձեզ եւ ոչ հաւատայք ինձ. զգործսն զոր ես գործեմ յանուն Հօր իմոյ` նոքին իսկ վկայեն վասն իմ:
10:26 Այլ դուք ոչ հաւատայք, զի չէք յոչխարաց անտի իմոց:
10:27 Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ ես ճանաչեմ զնոսա, եւ զկնի իմ գան:
10:28 եւ ես տամ նոցա զկեանսն յաւիտենականս. եւ մի՛ կորիցեն յաւիտեան, եւ մի՛ ոք յափշտակեսցէ զնոսա ի ձեռաց իմոց:
10:29 Հայրն իմ որ ետ ինձ զնոսա` մեծ է քան զամենայն, եւ ոչ ոք կարէ յափշտակել ի ձեռաց Հօր իմոյ:
10:30 Ես եւ Հայր իմ մի եմք:
10:31 Վէմս առին Հրեայքն զի քարկոծ արասցեն զնա:
10:32 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Բազում գործս բարիս ցուցի ձեզ ի Հօրէ իմմէ. վասն որո՞յ գործոյ ի նոցանէ քարկոծ առնէք զիս:
10:33 Պատասխանի ետուն նմա Հրեայքն. Վասն բարւոյ գործոյ ոչ առնեմք զքեզ քարկոծ, այլ վասն հայհոյութեան. եւ զի դու մարդ ես, եւ զանձն քո Աստուած առնես:
10:34 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ յօրէնս ձեր գրեալ է. Ես ասացի թէ աստուածք իցէք:
10:35 Իսկ եթէ զնոսա աստուածս ասէ, առ որս բանն Աստուծոյ եղեւ, (եւ չէ մարթ եղծանել գրոյն:
10:36 իսկ զոր Հայր սրբեաց եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէ՞ք թէ` Հայհոյես, զի ասացի թէ Որդի Աստուծոյ եմ:
10:37 Եթէ ոչ գործեմ զգործս Հօր իմոյ, մի՛ հաւատայք ինձ:
10:38 Ապա թէ գործեմ, թէ եւ ինձ ոչ հաւատայք, սակայն գործոցն հաւատացէք. զի գիտասջիք եւ ծանիջիք եթէ Հայր յիս, եւ ես ի Հայր:
10:39 Դարձեալ խնդրէին զնա ունել, եւ ել ի ձեռաց նոցա:
10:40 Եւ գնաց միւսանգամ յայնկոյս Յորդանանու ի տեղին ուր էր Յովհաննէս զառաջինն եւ մկրտէր, եւ անդ լինէր:
10:41 Եկին բազումք առ նա եւ ասեն. Զի Յովհաննէս նշան ինչ ոչ արար:
10:42 բայց զամենայն զոր ասաց Յովհաննէս վասն նորա, ճշմարիտ էր. եւ բազումք հաւատացին ի նա անդ:

Յովհաննէս - 11

11:1 Եւ էր ոմն հիւանդ Ղազարոս ի Բեթանեայ, ի գեղջէ Մարեմայ եւ Մարթայի քեռ նորա:
11:2 Այս այն Մարիամ էր որ օծ զՏէրն իւղով, եւ ջնջեաց զոտս նորա հերով իւրով. որոյ եղբայրն Ղազարոս հիւանդ էր:
11:3 Առաքեցին առ նա քորքն նորա եւ ասեն. Տէր, ահաւասիկ զոր դուն սիրէիր` հիւանդացեալ է:
11:4 Իբրեւ լուաւ Յիսուս, ասէ. Այն հիւանդութիւն չէ ի մահ, այլ վասն փառացն Աստուծոյ. զի փառաւոր լիցի Որդի Աստուծոյ այնուիկ:
11:5 Եւ սիրէր Յիսուս զՄարթա եւ զքոյր նորա զՄարիամ եւ զՂազար:
11:6 Իբրեւ լուաւ թէ հիւանդացեալ է, զտեղի կալաւ անդէն ուր էրն աւուրս երկուս:
11:7 Ապա յետ այնորիկ ասէ ցնոսա. Եկայք երթիցուք միւսանգամ ի Հրէաստան:
11:8 Ասեն ցնա աշակերտքն. Ռաբբի, այժմ եւս խնդրէին զքեզ Հրեայքն քարկոծ առնել. եւ դարձեա՞լ երթաս անդրէն:
11:9 Պատասխանի ետ Յիսուս. Ո՞չ երկոտասան ժամ է յաւուր. եթէ ոք գնայ ի տուընջեան, ոչ գայթակղի, զի զլոյս աշխարհիս այսորիկ տեսանէ:
11:10 ապա թէ ոք գնայ գիշերի, գայթակղի, զի լոյս ոչ գոյ ընդ նմա:
11:11 Զայս իբրեւ ասաց, յետ այսորիկ ասէ ցնոսա. Ղազարոս բարեկամ մեր ննջեաց, այլ երթամ զի զարթուցից զնա:
11:12 Ասեն ցնա աշակերտքն. Տէր, եթէ ննջեաց, ապա ապրի:
11:13 Այլ Յիսուս վասն մահուն նորա ասէր. նոցա այսպէս թուեցաւ թէ վասն ննջելոյ քնոյն ասէր:
11:14 Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս յայտնապէս. Ղազարոս մեռաւ:
11:15 եւ ես ուրախ եմ վասն ձեր, զի դուք հաւատասջիք ինձ, զի ես չէի անդ. բայց արդ եկայք երթիցուք առ նա:
11:16 Ասէ Թովմաս, անուանեալն Երկուորեակ, ցաշակերտակիցսն. Օն, եկայք եւ մեք զի ընդ նմա մեռցուք:
11:17 Եկն Յիսուս, եգիտ զնա չորեքօրեայ ի գերեզմանի:
11:18 Եւ էր Բեթանիա մերձ յԵրուսաղէմ իբրեւ ասպարիսօք հնգետասան:
11:19 Բազումք ի Հրէից անտի եկեալ էին առ Մարթա եւ Մարիամ, զի մխիթարեսցեն զնոսա վասն եղբօրն:
11:20 Մարթա իբրեւ լուաւ թէ Յիսուս գայ, ընդ առաջ գնաց նորա, բայց Մարիամ նստէր անդէն ի տան:
11:21 Ասէ Մարթա ցՅիսուս. Տէր, եթէ աստ լեալ էիր, եղբայրն իմ չէր մեռեալ:
11:22 այլ եւ արդ գիտեմ եթէ զոր ինչ խնդրեսցես յԱստուծոյ` տացէ քեզ Աստուած:
11:23 Ասէ ցնա Յիսուս. Յարիցէ եղբայրն քո:
11:24 Ասէ ցնա Մարթա. Գիտեմ զի յարիցէ ի յարութեան` յաւուրն յետնում:
11:25 Ասէ ցնա Յիսուս. Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յիս, թէպէտ եւ մեռանի, կեցցէ:
11:26 եւ ամենայն որ կենդանի է եւ հաւատայ յիս` մի՛ մեռցի ի յաւիտեան. հաւատա՞ս այսմիկ:
11:27 Ասէ ցնա. Այո, Տէր, ես հաւատացի եթէ դու ես Քրիստոսն, Որդի Աստուծոյ, որ յաշխարհ գալոց էիր:
11:28 Եւ զայս իբրեւ ասաց, գնաց եւ կոչեաց զՄարիամ, զքոյր իւր, լռելեայն եւ ասէ. Վարդապետն եկեալ է եւ կոչէ զքեզ:
11:29 Նա իբրեւ լուաւ, յարեաւ վաղվաղակի եւ եկն առ նա:
11:30 չեւ եւս էր եկեալ Յիսուս ի գեղն, այլ էր անդէն ի տեղւոջն ուր ընդ առաջ եղեւ նմա Մարթա:
11:31 Իսկ Հրեայքն որ էին ընդ նմա ի տան անդ եւ մխիթարէին զնա, իբրեւ տեսին զՄարիամ թէ յարեաւ վաղվաղակի եւ գնաց, գնացին եւ նոքա զհետ նորա, համարէին թէ ի գերեզմանն երթայ զի լացցէ անդ:
11:32 Իսկ Մարիամ իբրեւ եկն ուր էրն Յիսուս եւ ետես զնա, անկաւ առ ոտս նորա եւ ասէ. Տէր, եթէ աստ էիր դիպեալ, ոչ էր մեռեալ եղբայրն իմ:
11:33 Յիսուս իբրեւ ետես զնա զի լայր, եւ որ ընդ նմայն էին Հրեայքն` լային, խռովեցաւ յոգի իւր իբրեւ զայրացեալ:
11:34 եւ ասէ. Ո՞ւր եդիք զնա: Ասեն ցնա. Տէր, եկ եւ տես:
11:35 Եւ արտասուեաց Յիսուս:
11:36 Ասէին Հրեայքն. Տեսէք, որչափ սիրէր զնա:
11:37 Կէսքն ի նոցանէ ասէին. Ո՞չ կարէր սա, որ եբաց զաչս կուրին, առնել զի եւ սա մի՛ մեռցի:
11:38 Յիսուս դարձեալ զայրացեալ ընդ միտս իւր, գայ ի գերեզմանն. եւ էր այր մի, եւ վէմ մի եդեալ ի վերայ նորա:
11:39 Եւ ասէ Յիսուս. Ի բաց արարէք զվէմդ: Ասէ ցնա Մարթա, քոյր մեռելոյն. Տէր, արդ հոտեալ իցէ, քանզի չորեքօրեայ է:
11:40 Ասէ ցնա Յիսուս. Ո՞չ ասացի քեզ, եթէ հաւատասցես, տեսցես զփառսն Աստուծոյ:
11:41 Եւ իբրեւ ի վեր առին զվէմն, Յիսուս ամբարձ զաչս իւր ի վեր եւ ասէ. Հայր, գոհանամ զքէն զի լուար ինձ:
11:42 Եւ ես գիտէի զի յամենայն ժամ լսես ինձ. այլ վասն ժողովրդեանս որ շուրջ կան` առնեմ, զի հաւատասցեն թէ դու առաքեցեր զիս:
11:43 Զայս իբրեւ ասաց, ի ձայն մեծ աղաղակեաց եւ ասէ. Ղազարէ, արի եկ արտաքս:
11:44 Եւ ել մեռեալն ոտիւք կապելովք եւ ձեռօքն երիզապնդօք եւ երեսօքն վարշամակապատօք. եւ ասէ ցնոսա Յիսուս. Լուծէք զդա եւ թողէք երթալ:
11:45 Բազումք ի Հրէիցն որ եկեալ էին առ Մարեմանս, իբրեւ տեսին զոր արարն` հաւատացին ի նա:
11:46 Եւ ոմանք ի նոցանէ գնացին առ փարիսեցիսն, պատմեցին նոցա զոր արարն Յիսուս:
11:47 Ժողովեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն ատեան, եւ ասեն. Զի՞նչ արասցուք, զի այրն այն բազում նշանս առնէ:
11:48 Եթէ թողումք զնա այնպէս, ամենեքին հաւատան ի նա. եւ գայցեն Հոռոմք եւ բառնայցեն զազգս մեր եւ զտեղի:
11:49 Մի ոմն ի նոցանէ, անուն Կայիափա, որ քահանայապետ էր տարւոյն այնորիկ, ասէ ցնոսա. Դուք ոչինչ գիտէք:
11:50 եւ ոչ բնաւ խորհել իսկ, թէ լաւ է մեզ զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդեանս, եւ մի՛ ամենայն ազգս կորիցէ:
11:51 Զայս ոչ յանձնէ ինչ ասաց, այլ զի քահանայապետ էր տարւոյն այնորիկ, մարգարէացաւ եթէ մեռանելոց էր Յիսուս ի վերայ ազգին:
11:52 եւ ոչ ի վերայ ազգին միայն, այլ զի եւ զորդիսն Աստուծոյ զցրուեալսն ժողովեսցէ ի մի:
11:53 Ապա յայնմ օրէ խորհուրդ արարին զի սպանցեն զնա:
11:54 Եւ Յիսուս այնուհետեւ ոչ եթէ համարձակ շրջէր ի մէջ Հրէիցն, այլ գնաց անտի յերկիր մի որ մերձ էր յանապատ, ի քաղաք մի որում անուն էր Եփրայիմ, եւ անդ լինէր աշակերտօքն հանդերձ:
11:55 Եւ էր մերձ զատիկն Հրէից, եւ բազումք ելին յԵրուսաղէմ ի գաւառէ անտի յառաջագոյն քան զզատիկն, զի սրբեսցեն զանձինս իւրեանց:
11:56 Խնդրէին զՅիսուս, եւ ասէին ընդ միմեանս մինչ կային ի տաճարին. Զիա՞րդ թուի ձեզ, եթէ ո՞չ գայցէ ի տօն այսր: Պատուէր տուեալ էր քահանայապետիցն եւ փարիսեցւոց, զի թէ ոք գիտասցէ թէ ուր է, գուշակեսցէ զնմանէ զի կալցին զնա:

Յովհաննէս - 12

12:1 Իսկ Յիսուս վեց աւուրբ յառաջ քան զզատիկն եկն ի Բեթանիա, ուր էր Ղազար մեռեալն, զոր յարոյցն ի մեռելոց:
12:2 Եւ արարին անդ նմա ընթրիս, եւ ի սպասու կայր Մարթա, եւ Ղազար մի էր ի բազմելոց ընդ նմա:
12:3 Իսկ Մարեմայ առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ, օծ զոտսն Յիսուսի, եւ հերով իւրով մաքրէր զոտս նորա. եւ տունն լի եղեւ ի հոտոյ իւղոյն:
12:4 Ասէ մի ոմն յաշակերտաց անտի, Յուդա Իսկարիովտացի, որ մատնելոցն էր զնա:
12:5 Ընդէ՞ր ոչ եւղդ այդ վաճառեցաւ երեք հարեւր դենարի եւ տուաւ աղքատաց:
12:6 Զայս ասաց ոչ զի զաղքատաց ինչ փոյթ էր նմա, այլ զի գող էր եւ զարկղն ինքն ունէր, եւ որ ինչ անկանէրն` նա կրէր:
12:7 Ասէ Յիսուս. Թոյլ տուք դմա, զի յօրն պատանաց իմոց պահեսցէ զայդ:
12:8 զաղքատս յամենայն ժամ ընդ ձեզ ունիք, զիս ոչ հանապազ ընդ ձեզ ունիք:
12:9 Իբրեւ գիտաց ժողովուրդ բազում ի Հրէիցն թէ անդ է, եկին, ոչ միայն վասն Յիսուսի, այլ զի եւ զՂազար տեսցեն, զոր յարոյցն ի մեռելոց:
12:10 Խորհուրդ արարին քահանայապետքն, զի եւ զՂազար սպանցեն:
12:11 քանզի բազումք ի Հրէից երթային եւ հաւատային ի Յիսուս:
12:12 Ի վաղիւ անդր ժողովուրդ բազում որ եկեալ էր ի տօնն, իբրեւ լուան եթէ գայ Յիսուս յԵրուսաղէմ:
12:13 առին ոստս արմաւենեաց եւ ելին ընդ առաջ նորա, աղաղակէին եւ ասէին. Ովսաննա, օրհնեալ որ գասդ յանուն Տեառն, թագաւորդ Իսրայելի:
12:14 Եւ գտեալ Յիսուսի էշ մի, նստաւ ի վերայ նորա, որպէս եւ գրեալ է:
12:15 Մի՛ երկնչիր դուստր Սիովնի, ահաւասիկ թագաւոր քո գայ նստեալ ի վերայ յաւանակի իշոյ:
12:16 Եւ զայն ինչ ոչ գիտացին աշակերտքն նորա զառաջինն, այլ յորժամ փառաւորեցաւ Յիսուս, յայնժամ յիշեցին եթէ այն էր որ գրեալն էր վասն նորա, եւ զայն արարին նմա:
12:17 Եւ ժողովուրդն վկայէր որ էր ընդ նմա, եթէ զՂազար կոչեաց եւեթ ի գերեզմանէն, եւ յարոյց զնա ի մեռելոց:
12:18 Եւ վասն այնորիկ ընդ առաջ եղեւ նմա ժողովուրդն, զի լուան եթէ զայն նշանս արարեալ էր նորա:
12:19 Իսկ փարիսեցիքն ասէին ընդ միմեանս. Տեսանէ՞ք զի ոչինչ օգտիք. ահաւասիկ աշխարհ ամենայն զկնի նորա գնաց:
12:20 Էին անդ ոմանք եւ հեթանոսք յելելոցն անդր, զի երկիր պագանիցեն ի տօնին:
12:21 Նոքա մատեան առ Փիլիպպոս որ ի Բեթսայիդայ Գալիլեացւոցն էր, աղաչէին զնա եւ ասէին. Տէր, կամիմք զՅիսուս տեսանել:
12:22 Գայ Փիլիպպոս եւ ասէ ցԱնդրէաս, Անդրէաս եւ Փիլիպպոս ասեն ցՅիսուս:
12:23 Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա եւ ասէ. Եհաս ժամ զի փառաւորեսցի Որդի մարդոյ:
12:24 Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ:
12:25 Որ սիրէ զանձն իւր` արձակէ զնա. եւ որ ատեայ զանձն իւր յաշխարհիս յայսմիկ` ի կեանսն յաւիտենականս պահեսցէ զնա:
12:26 Եթէ ոք զիս պաշտիցէ, զկնի իմ եկեսցէ. եւ ուր եսն եմ, անդ եւ պաշտօնեայն իմ եղիցի. եթէ ոք զիս պաշտիցէ, պատուեսցէ զնա Հայրն իմ:
12:27 Բայց այժմ անձն իմ խռովեալ է. եւ զի՞նչ ասացից, եթէ. Հայր, ապրեցո զիս ի ժամէ աստի յայսմանէ. այլ վասն այնորիկ եկի ի ժամս յայս:
12:28 Հայր, փառաւորեա՛ զանուն քո: Եկն բարբառ յերկնից. Ե՛ւ փառաւոր արարի, ե՛ւ դարձեալ փառաւոր արարից:
12:29 Եւ ժողովուրդն որ կայր եւ լսէր, ասէին` Որոտումն լինել. կէսքն ասէին. Հրեշտակ խօսեցաւ ընդ նմա:
12:30 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ոչ վասն իմ ինչ եկն բարբառս այս, այլ վասն ձեր:
12:31 Այժմիկ դատաստան է աշխարհիս այսորիկ, այժմիկ իշխան աշխարհիս այսորիկ ընկեսցի արտաքս:
12:32 Եւ ես յորժամ բարձրացայց յերկրէ, զամենեսին ձգեցից առ իս:
12:33 Զայս ասէր նշանակեալ թէ որով մահու մեռանելոց իցէ:
12:34 Պատասխանի ետ նմա ժողովուրդն. Մեք լուաք յօրինաց եթէ Քրիստոսն յաւիտեան կայ, եւ դու զիա՞րդ ասես թէ` Պարտ է բարձրանալ Որդւոյ մարդոյ. ով է այն Որդին մարդոյ:
12:35 Ասէ ցնոսա Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ լոյս ընդ ձեզ է. գնացէք մինչդեռ զլոյսն ունիք, զի մի՛ խաւար ձեզ հասցէ. զի որ գնայ ի խաւարի` ոչ գիտէ յո երթայ:
12:36 Մինչդեռ զլոյսն ընդ ձեզ ունիք, հաւատացէք ի լոյսն, զի որդիք լուսոյ եղիջիք: Զայս խօսեցաւ Յիսուս, եւ չոգաւ թաքեաւ ի նոցանէ:
12:37 Եւ այնչափ նշանս արարեալ էր առաջի նոցա, եւ նոքա ոչ հաւատային ի նա:
12:38 զի լցցի բանն Եսայեայ մարգարէի զոր ասացն. Տէր, ո՞ հաւատաց ի լուր մեր, եւ բազուկ Տեառն ո՞ւմ յայտնեցաւ:
12:39 Վասն այնորիկ ոչ կարէին հաւատալ, զի միւսանգամ ասէ Եսայի:
12:40 թէ` Կուրացոյց զաչս նոցա եւ ափշեցոյց զսիրտս նոցա, զի մի՛ տեսցեն աչօք եւ իմասցին սրտիւք եւ դարձցին, եւ բժշկեցից զնոսա:
12:41 Զայս ասաց Եսայի, զի ետես զփառսն նորա եւ խօսեցաւ վասն նորա:
12:42 Բայց սակայն եւ յիշխանաց անտի բազումք հաւատացին ի նա, այլ վասն փարիսեցւոցն ոչ յայտնէին, զի մի՛ ի ժողովրդենէն ելանիցեն:
12:43 քանզի սիրեցին զփառս մարդկան առաւել քան զփառս Աստուծոյ:
12:44 Եւ Յիսուս աղաղակէր եւ ասէր. Որ հաւատայ յիս` ոչ հաւատայ յիս, այլ յայն որ առաքեացն զիս:
12:45 Եւ որ տեսանէ զիս` զայն տեսանէ որ առաքեացն զիս:
12:46 Ես լոյս յաշխարհ եկի, զի ամենայն որ հաւատայ յիս` ի խաւարի մի՛ մնասցէ:
12:47 Եւ եթէ ոք լուիցէ բանից իմոց եւ ոչ պահեսցէ, ես ոչ դատիմ զնա. քանզի ոչ եկի թէ դատեցայց զաշխարհ, այլ զի փրկեցից զաշխարհ:
12:48 Որ անարգէ զիս եւ ոչ ընդունի զբանս իմ, գոյ որ դատի զնա. բանն զոր ես խօսեցայ, նա դատի զնա յաւուրն յետնում:
12:49 Զի ես յանձնէ իմմէ ոչ խօսեցայ, այլ որ առաքեացն զիս Հայր, նա ետ ինձ պատուէր զինչ ասացից եւ զինչ խօսեցայց:
12:50 Եւ գիտեմ եթէ պատուէրն այն կեանք են յաւիտենականք. արդ զոր եսն խօսիմ, որպէս ասաց ինձ Հայրն, այնպէս խօսիմ:

Յովհաննէս - 13

13:1 Յառաջագոյն քան զտօնն զատկի գիտաց Յիսուս թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ աստի առ Հայր, սիրեաց զիւրսն որ յաշխարհի աստ են, ի սպառ սիրեաց զնոսա:
13:2 Եւ ի լինել ընթրեացն (Սատանայի իսկ արկեալ էր ի սիրտ, զի մատնեսցէ զնա, Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ:
13:3 գիտաց Յիսուս զի զամենայն ինչ ետ Հայր ի ձեռս նորա, եւ թէ յԱստուծոյ ել եւ առ Աստուած երթայ:
13:4 յառնէ յընթրեաց անտի եւ դնէ զհանդերձսն, եւ առեալ ղենջակ մի սփածաւ:
13:5 Եւ ապա առեալ ջուր արկ ի կոնք, եւ սկսաւ լուանալ զոտս աշակերտացն, եւ սրբէր ղենջակաւն զոր սփածեալ էր:
13:6 Գայ առ Սիմովն Պետրոս. եւ նա ասէ ցնա. Տէր, դո՞ւ զիմ զոտս լուանաս:
13:7 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Զոր ինչ եսս գործեմ` դու այժմ ոչ գիտես. բայց ապա գիտասջիր:
13:8 Ասէ ցնա Պետրոս. Ոչ լուասցես զոտս իմ յաւիտեան: Պատասխանի ետ նմա Յիսուս. Եթէ ոչ լուացից զքեզ, ոչ ունիս ընդ իս մասն:
13:9 Ասէ ցնա Սիմովն Պետրոս. Տէր, մի՛ միայն զոտս իմ, այլ եւ զձեռս եւ զգլուխ:
13:10 Ասէ ցնա Յիսուս. Լուացելոյն չէ ինչ պիտոյ, բայց զի զոտսն լուանայցէ, քանզի ամենեւին սուրբ է. եւ դուք սուրբ էք, այլ ոչ ամենեքին:
13:11 Զի գիտէր զայն որ մատնելոցն էր զնա. վասն այնորիկ ասաց թէ` Ոչ ամենեքին սուրբ էք:
13:12 Եւ յորժամ լուաց զոտս նոցա, ա՛ռ զհանդերձսն իւր եւ դարձեալ բազմեցաւ, եւ ասէ ցնոսա. Գիտէ՞ք զինչ արարիդ ձեզ:
13:13 Դուք կոչէք զիս Վարդապետ եւ Տէր, եւ բարւոք ասէք, քանզի եմ իսկ:
13:14 Իսկ արդ եթէ ես լուացի զոտս ձեր, Տէրս եւ Վարդապետս, եւ դուք պարտիք զմիմեանց ոտս լուանալ:
13:15 Զի օրինակ մի ետու ձեզ, զի որպէս ես ձեզ արարի, եւ դուք առնիջիք:
13:16 Ամէն ամէն ասեմ ձեզ. Ոչ է ծառայ մեծ քան զտէր իւր, եւ ոչ առաքեալ` մեծ քան զայն որ առաքեացն զնա:
13:17 Եթէ զայս գիտէք, երանելի եւս էք, եթէ առնիցէք զայս:
13:18 Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ, զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն թէ` Որ ուտէր ընդ իս հաց` արար ինձ խաբէութիւն:
13:19 Յայսմհետէ իսկ ասեմ ձեզ մինչչեւ եղեալ, զի յորժամ լինիցի, հաւատասջիք թէ ես եմ:
13:20 Ամէն ամէն ասեմ ձեզ. Որ ընդունի զոր ոք ես առաքեցից` զիս ընդունի. եւ որ զիս ընդունի` ընդունի զայն որ առաքեացն զիս:
13:21 Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցաւ յոգի իւր, վկայեաց եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս:
13:22 Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք թէ զումէ՛ ասիցէ:
13:23 Եւ էր մի ոմն յաշակերտացն բազմեալ առ Յիսուսիւ, զոր սիրէրն Յիսուս:
13:24 Ակնարկէր նմա Սիմովն Պետրոս հարցանել, ո՛վ իցէ վասն որոյ ասէն:
13:25 Եւ նա անկեալ զլանջօքն Յիսուսի` ասէ ցնա. Տէր, ո՞վ է:
13:26 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Այն է, որում ես թացից զպատառն եւ տաց: Եւ թացեալ զպատառն տայ Յուդայի Իսկարիովտացւոյ:
13:27 Եւ յետ պատառոյն ապա եմուտ ի նա Սատանայ. եւ ասէ ցնա Յիսուս. Արդ որ զինչ առնելոց ես` արա վաղվաղակի:
13:28 Եւ զայս ոչ ոք իմացաւ ի բազմականաց անտի, թէ առ ինչ ասաց ցնա:
13:29 Զի ոմանք համարէին թէ զի զարկղն ունէր Յուդա, ասաց նմա Յիսուս. Գնեա ինչ որ պիտոյ իցէ մեզ ի տօնիս, եւ կամ, զի աղքատաց ինչ տացէ:
13:30 Իսկ նորա առեալ զպատառն` ել արտաքս վաղվաղակի, եւ էր գիշեր:
13:31 Եւ իբրեւ ել, ասէ Յիսուս. Այժմ փառաւորեցաւ Որդի մարդոյ, եւ Աստուած փառաւորեցաւ ի նմա:
13:32 Զի եթէ Աստուած փառաւորեցաւ ի նմա, եւ Աստուած փառաւորեսցէ զնա յանձն իւր. եւ վաղվաղակի փառաւորեսցէ զնա:
13:33 Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ. խնդրեցէք զիս. եւ որպէս ասացի ցՀրեայսն եթէ` Ուր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ, եւ արդ ձեզ ասեմ:
13:34 Պատուիրան նոր տամ ձեզ, զի սիրիցէք զմիմեանս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս:
13:35 Յայսմ գիտասցեն ամենեքեան եթէ իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս:
13:36 Ասէ ցնա Սիմովն Պետրոս. Տէր, յո՞վ երթաս: Պատասխանի ետ Յիսուս. Ուր եսն երթամ, դու ոչ կարես այժմ գալ զկնի իմ, բայց ապա եկեսցես զկնի իմ:
13:37 Ասէ ցնա Պետրոս. Տէր, ընդէ՞ր ոչ կարիցեմ գալ այժմ զկնի քո, արդէն զանձն իմ իսկ եդից ի վերայ քո:
13:38 Պատասխանի ետ Յիսուս. Զա՞նձն քո դիցես ի վերայ իմ. ամէն ամէն ասեմ քեզ. չեւ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երիցս ուրասցիս զիս:

Յովհաննէս - 14

14:1 Մի՛ խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած եւ յիս հաւատացէք:
14:2 Ի տան Հօր իմոյ օթեվանք բազում են. ապա թէ ոչ` ասացեալ էր իմ ձեզ. Եթէ երթամ, եւ պատրաստեմ ձեզ տեղի:
14:3 Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գամ եւ առնում զձեզ առ իս. զի ուր եսն իցեմ, եւ դուք անդ իցէք:
14:4 Եւ ուր երթամն` գիտիցէք, եւ զճանապարհն գիտիցէք:
14:5 Ասէ ցնա Թովմաս. Տէր, ոչ գիտեմք յո՛ երթաս, եւ զիա՞րդ զճանապարհն կարասցուք գիտել:
14:6 Ասէ ցնա Յիսուս. Ես եմ ճանապարհն եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք գայ առ Հայր եթէ ոչ ինեւ:
14:7 Եթէ զիս գիտէիք, ապա եւ զՀայր իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջիք զնա եւ տեսէք զնա:
14:8 Ասէ ցնա Փիլիպպոս. Տէր, ցոյց մեզ զՀայր, եւ շատ է մեզ:
14:9 Ասէ ցնա Յիսուս. Այսչափ ժամանակս ընդ ձեզ եմ, եւ ո՞չ ծանեար զիս, Փիլիպպէ. որ ետեսն զիս` ետես զՀայրն. եւ դու զիա՞րդ ասես եթէ` Ցոյց մեզ զՀայր:
14:10 Ո՞չ հաւատաս եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. զբանս զոր ես խօսիմ ընդ ձեզ, ոչ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ Հայրն որ յիս բնակեալ է` նա գործէ զգործսն:
14:11 Հաւատա՞յք ինձ, եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. ապա թէ ոչ` գոնէ վասն գործոցն հաւատացէք ինձ:
14:12 Ամէն ամէն ասեմ ձեզ թէ որ հաւատայն յիս, զգործսն զոր ես գործեմ, եւ նա գործեսցէ, եւ մեծամեծս եւս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ Հայր երթամ:
14:13 Եւ զոր ինչ խնդրիցէք յանուն իմ` արարից զայն, զի փառաւորեսցի Հայր յՈրդի::
14:15 Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք:
14:16 Եւ ես աղաչեցից զՀայր, եւ այլ Մխիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձեզ բնակեսցէ ի յաւիտեան:
14:17 զՀոգին ճշմարտութեան զոր աշխարհս ոչ կարէ ընդունել, զի ոչ տեսանէ զնա եւ ոչ ճանաչէ զնա. բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ եւ ընդ ձեզ եղիցի:
14:18 Ոչ թողից զձեզ որբս, գամ առ ձեզ:
14:19 Փոքր մեւս եւս` եւ աշխարհս ոչ եւս տեսանէ զիս, բայց դուք տեսանիցէք զիս, զի ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք:
14:20 Յայնմ աւուր գիտասջիք դուք, զի ես ի Հօր իմում, եւ դուք յիս, եւ ես ի ձեզ:
14:21 Որ ունի զպատուիրանս իմ եւ պահէ զնոսա` նա է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս` սիրեսցի ի Հօրէ իմմէ. եւ ես սիրեցից զնա, եւ երեւեցուցից նմա զիս:
14:22 Ասէ ցնա Յուդա (ոչ Իսկարիովտացին). Տէր, զի՞ եղեւ զի մեզ յայտնելոց ես զքեզ եւ ոչ աշխարհի:
14:23 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս, զբանն իմ պահեսցէ, եւ Հայր իմ սիրեսցէ զնա. եւ առ նա եկեսցուք եւ օթեվանս առ նմա արասցուք:
14:24 եւ որ ոչն սիրէ զիս` զբանս իմ ոչ պահէ. եւ բանն իմ զոր լսէք` ոչ է իմ, այլ Հօրն որ առաքեացն զիս:
14:25 Զայս խօսեցայ ընդ ձեզ, մինչ առ ձեզս եմ:
14:26 Իսկ Մխիթարիչն, Հոգին Սուրբ, զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա ուսուսցէ ձեզ զամենայն, եւ յիշեցուսցէ զամենայն զոր ինչ ասացի ձեզ:
14:27 Խաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ. ոչ որպէս աշխարհս տայ, տամ ես ձեզ. մի՛ խռովեսցին սիրտք ձեր եւ մի՛ զանգիտեսցեն:
14:28 Լուայք զի ասացի ես ձեզ թէ` Երթամ եւ գամ առ ձեզ. եթէ սիրէիք զիս, ապա ուրախ լեալ էր ձեր եթէ ես առ Հայր երթամ, զի Հայր իմ մեծ է քան զիս:
14:29 Եւ այժմ ասացի ձեզ մինչչեւ եղեալ, զի յորժամ լինիցի, հաւատասջիք:
14:30 Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. գայ իշխան աշխարհիս այսորիկ եւ յիս ինչ ոչ գտանէ:
14:31 Այլ զի ծանիցէ աշխարհ եթէ սիրեմ զՀայր. եւ որպէս պատուիրեաց ինձ Հայր, այնպէս առնեմ. օ՛ն արիք գնասցուք աստի:

Յովհաննէս - 15

15:1 Ես եմ որթն ճշմարիտ, եւ Հայր իմ մշակ է:
15:2 Ամենայն ուռ որ յիս է եւ ոչ բերէ պտուղ` կտրէ զնա. եւ ամենայն որ բերէ պտուղ` սրբէ զնա, զի առաւել եւս պտղաբեր լիցի:
15:3 Դուք արդէն իսկ սուրբ էք վասն բանին զոր խօսեցայ ընդ ձեզ:
15:4 Կացէք յիս եւ ես ի ձեզ. որպէս ուռն ոչ կարէ պտուղ բերել յանձնէ իւրմէ, եթէ չիցէ հաստատեալ յորթն, նոյնպէս եւ դուք եթէ ոչ յիս հաստատեալ իցէք:
15:5 Ես եմ որթ եւ դուք ուռ. որ հաստատեալ է յիս եւ ես ի նա, նա բերէ պտուղ յոյժ. զի առանց իմ ոչինչ կարէք առնել:
15:6 Եթէ ոք ոչ է հաստատեալ յիս, ել նա արտաքս իբրեւ զուռն եւ ցամաքեցաւ, եւ ժողովեն զնա եւ ի հուր արկանեն, եւ այրի:
15:7 Եթէ կայցէք յիս եւ բանք իմ ի ձեզ կայցեն, զոր ինչ կամիցիք` խնդրեսջիք, եւ լինիցի ձեզ:
15:8 Յայսմիկ փառաւորեցաւ Հայր իմ, զի պտուղ յոյժ բերիցէք, եւ եղիջիք իմ աշակերտք:
15:9 Որպէս սիրեաց զիս Հայր, եւ ես սիրեցի զձեզ. հաստատուն կացէք ի սէր իմ:
15:10 Եթէ պահիցէք զպատուիրանս իմ, կացջիք ի սէր իմ. որպէս ես զպատուիրանս Հօր իմոյ պահեցի, եւ կամ ի սէր նորա:
15:11 Զայս խօսեցայ ընդ ձեզ, զի ուրախութիւնն իմ ի ձեզ իցէ, եւ ձեր ուրախութիւնն լցեալ եղիցի:
15:12 Այս է պատուէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս, որպէս եւ ես սիրեցի զձեզ:
15:13 Մեծ եւս քան զայս սէր ոչ ոք ունի, եթէ զանձն իւր դիցէ ի վերայ բարեկամաց իւրոց:
15:14 Դուք բարեկամք էք իմ, եթէ առնիցէք զոր եսն պատուիրեմ ձեզ:
15:15 Ոչ եւս կոչեմ զձեզ ծառայս, զի ծառայն ոչ գիտէ զինչ գործէ տէրն նորա. այլ զձեզ կոչեցի բարեկամս, զի զամենայն զոր լուայ ի Հօրէ իմմէ` ծանուցի ձեզ:
15:16 Ոչ եթէ դուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ, եւ եդի զձեզ զի դուք երթայցէք եւ պտղաբերք լինիցիք, եւ պտուղն ձեր կացցէ, եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ` տացէ ձեզ:
15:17 Զայս պատուիրեմ ձեզ զի սիրեսջիք զմիմեանս:
15:18 Եթէ աշխարհ զձեզ ատեայ, գիտասջիք զի նախ զիս ատեաց:
15:19 Եթէ յաշխարհէ աստի էիք, աշխարհ զիւրն սիրէր արդեւք. բայց զի չէք յաշխարհէ, այլ ես ընտրեցի զձեզ յաշխարհէ, վասն այնորիկ ատեայ զձեզ աշխարհ:
15:20 Յիշեցէք զբանն զոր ասացի ձեզ, թէ` Ոչ է ծառայ մեծ քան զտէր իւր. եթէ զիս հալածեցին, ապա եւ զձեզ հալածեսցեն. եթէ զբանն իմ պահեցին, ապա եւ զձերն պահեսցեն:
15:21 Այլ զնոյնս արասցեն ընդ ձեզ վասն անուան իմոյ, զի ոչ գիտեն զայն որ առաքեացն զիս:
15:22 Իմ եթէ չէր եկեալ եւ խօսեցեալ ընդ նոսա, մեղ ինչ ոչ գոյր նոցա. բայց արդ չիք ինչ պատճառք վասն մեղաց իւրեանց:
15:23 Որ զիս ատեայ, եւ զՀայրն իմ ատեայ:
15:24 Եթէ զգործսն չէր գործեալ ի նոսա, զոր ոչ այլ ոք գործեաց, մեղ ինչ ոչ գոյր նոցա, բայց արդ տեսին եւ ատեցին ե՛ւ զիս ե՛ւ զՀայր իմ:
15:25 Այլ զի լցցի բանն որ յօրէնս նոցա գրեալ է թէ` Ատեցին զիս տարապարտուց:
15:26 Բայց յորժամ եկեսցէ Մխիթարիչն զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ, զՀոգին ճշմարտութեան որ ի Հօրէ ելանէ, նա վկայեսցէ վասն իմ:
15:27 եւ դուք վկայէք, զի ի սկզբանէ ընդ իս էք:

Յովհաննէս - 16

16:1 Զայս խօսեցայ ընդ ձեզ` զի մի՛ գայթակղեսջիք:
16:2 Ի ժողովրդոց իւրեանց հանիցեն զձեզ. այլ եկեսցէ ժամանակ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ` համարիցի պաշտօն մատուցանել Աստուծոյ:
16:3 Եւ զայն արասցեն ընդ ձեզ, քանզի ոչ ծանեան զՀայր եւ ոչ զիս:
16:4 Այլ եւ զայս խօսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ, յիշիցէք թէ ես ասացի ձեզ. զայս ի սկզբանէ ոչ ասացի ձեզ, քանզի ընդ ձեզ էի:
16:5 Բայց արդ երթամ ես առ առաքիչն իմ, եւ ոչ ոք ի ձէնջ հարցանէ ցիս թէ` Յո՞ երթաս:
16:6 Այլ զի զայս խօսեցայ ընդ ձեզ, տրտմութիւն ելից զսիրտս ձեր:
16:7 Այլ ես զճշմարիտն ասեմ ձեզ, լաւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց, Մխիթարիչն ոչ եկեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առաքեցից զնա առ ձեզ:
16:8 Եւ նա եկեալ` յանդիմանեսցէ զաշխարհ վասն մեղաց եւ վասն արդարութեան եւ վասն դատաստանի:
16:9 Վասն մեղաց` զի ոչ հաւատան յիս:
16:10 վասն արդարութեան` զի առ Հայր իմ երթամ, եւ ոչ եւս տեսանէք զիս:
16:11 վասն դատաստանի` զի իշխան աշխարհիս այսորիկ դատապարտեալ է:
16:12 Եւս բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ոչ կարէք հանդարտել այժմիկ:
16:13 Յորժամ եկեսցէ նա, Հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ` խօսիցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ:
16:14 Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ:
16:15 Զամենայն ինչ զոր ունի Հայր` իմ է. վասն այնորիկ ասացի ձեզ թէ յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ:
16:16 Փոքր մի` եւ ոչ եւս տեսանէք զիս, եւ ապա սակաւիկ մի` եւ տեսանիցէք զիս, եւ ես երթամ առ Հայր:
16:17 Ասէին ոմանք յաշակերտաց անտի ցմիմեանս. Զի՞նչ է այս զոր ասէս ցմեզ թէ` Փոքր մի` եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մի` եւ տեսանիցէք զիս, եւ թէ` Ես առ Հայր երթամ:
16:18 Եւ ասէին. Զի՞նչ իցէ այն Փոքր մեւս եւսն. չգիտեմք զի՛նչ խօսի:
16:19 Գիտաց Յիսուս եթէ կամէին ցնա հարցանել, եւ ասէ ցնոսա. Վասն այդորի՞կ խնդրէք ընդ միմեանս զի ասացի թէ` Փոքր մի` եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մեւս եւս` եւ տեսանիցէք զիս:
16:20 Ամէն ամէն ասեմ ձեզ, զի լացջիք եւ ողբասջիք դուք, եւ աշխարհ խնդասցէ. դուք տրտմեսջիք, այլ տրտմութիւն ձեր յուրախութիւն եղիցի:
16:21 Կին յորժամ ծնանիցի, տրտմութիւն է նմա, զի հասեալ է ժամ նորա. այլ յորժամ ծնցի զմանուկն, ոչ եւս յիշէ զնեղութիւնն վասն խնդութեանն, զի ծնաւ մարդ յաշխարհ:
16:22 Եւ դուք այժմ տրտմութիւն ունիք, այլ դարձեալ տեսից զձեզ, եւ ուրախ լիցին սիրտք ձեր. եւ զուրախութիւնն ձեր ոչ ոք հանիցէ ի ձէնջ:
16:23 Եւ յայնմ աւուր զիս ինչ ոչ հարցանիցէք: Ամէն ամէն ասեմ ձեզ, զի զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ` տացէ ձեզ:
16:24 Մինչեւ ցայժմ ոչինչ խնդրեցէք յանուն իմ. խնդրեցէք եւ առնուցուք, զի ուրախութիւնն ձեր լցեալ եղիցի:
16:25 Զայս առակօք խօսեցայ ընդ ձեզ. եկեսցէ ժամանակ յորժամ ոչ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ, այլ յայտնապէս զՀօրէ պատմեցից ձեզ:
16:26 Յայնմ աւուր խնդրեսջիք յանուն իմ. եւ ոչ ասեմ ձեզ եթէ ես աղաչեցից զՀայր վասն ձեր:
16:27 զի ինքն իսկ Հայր սիրէ զձեզ, զի դուք զիս սիրեցէք, եւ հաւատացէք եթէ ես յԱստուծոյ ելի:
16:28 Ելի ի Հօրէ եւ եկի յաշխարհ, դարձեալ թողում զաշխարհ եւ երթամ առ Հայր:
16:29 Ասեն ցնա աշակերտքն. Ահա արդ յայտնութեամբ խօսիս, եւ առակ եւ ոչ մի ինչ ասես:
16:30 Այժմիկ գիտեմք եթէ գիտես զամենայն, եւ ոչինչ պիտոյ է եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատամք եթէ յԱստուծոյ ելեր:
16:31 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Այժմ հաւատա՞յք:
16:32 ահա եկեսցէ ժամ եւ եկեալ իսկ է, զի ցրուեսջիք յիւրաքանչիւր տեղիս, եւ զիս միայն թողուցուք. եւ չեմ միայն, զի Հայր ընդ իս է:
16:33 Զայս խօսեցայ ընդ ձեզ, զի ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարուք, զի ես յաղթեցի աշխարհի:

Յովհաննէս - 17

17:1 Զայս իբրեւ խօսեցաւ Յիսուս, ամբարձ զաչս իւր յերկինս եւ ասէ. Հայր, հասեալ է ժամ, փառաւորեա զՈրդի քո, զի եւ Որդի քո փառաւորեսցէ զքեզ:
17:2 Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա` տացէ զկեանսն յաւիտենականս:
17:3 Այս են յաւիտենական կեանք, զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր` զՅիսուս Քրիստոս:
17:4 Ես զքեզ փառաւորեցի յերկրի. զգործն կատարեցի զոր ետուր ցիս զի արարից:
17:5 Եւ այժմ փառաւորեա զիս, Հայր, առ ի քէն փառօքն զոր ունէի յառաջ քան զլինելն աշխարհի առ ի քէն:
17:6 Յայտնեցի զանուն քո մարդկան զորս ետուր ինձ յաշխարհէ. քո էին, եւ ինձ ետուր զնոսա, եւ զբանն քո պահեցին:
17:7 Արդ գիտացին եթէ զամենայն ինչ զոր ետուր ինձ` ետու նոցա:
17:8 եւ`` նոքա ընկալան եւ ծանեան ճշմարտութեամբ թէ առ ի քէն ելի, եւ հաւատացին եթէ դու առաքեցեր զիս:
17:9 Արդ ես վասն նոցա աղաչեմ. եւ ոչ վասն աշխարհի աղաչեմ, այլ վասն նոցա զորս ետուրն ինձ, զի քո են:
17:10 Եւ որ ինչ իմ է` ամենայն քո է. եւ որ ինչ քո է` այն իմ է, եւ փառաւորեալ եմ ի նոսա:
17:11 Եւ ես ոչ եւս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի են, եւ ես առ քեզ գամ. Հայր սուրբ, պահեա զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք:
17:12 Մինչ էի յաշխարհի ընդ նոսա, ես պահէի զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, եւ պահեցի. եւ ոչ ոք ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի:
17:13 Բայց արդ առ քեզ գամ, եւ զայս խօսիմ յաշխարհի, զի ունիցին զուրախութիւնն իմ լիով յանձինս իւրեանց:
17:14 Ես ետու նոցա զբանն քո, եւ աշխարհս ատեաց զնոսա. զի չեն յաշխարհէ, որպէս եւ ես չեմ յաշխարհէ:
17:15 Ոչ զայս աղաչեմ զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ զի պահեսցես զնոսա ի չարէ:
17:16 Յաշխարհէ աստի չեն, որպէս եւ ես չեմ յաշխարհէ:
17:17 Սուրբ արա զնոսա ճշմարտութեամբ քով, զի քո բանդ ճշմարտութիւն է:
17:18 Որպէս զիս առաքեցեր յաշխարհ, եւ ես առաքեցի զնոսա յաշխարհ:
17:19 Եւ ի վերայ նոցա ես սուրբ առնեմ զանձն իմ, զի եղիցին եւ նոքա սրբեալք ճշմարտութեամբ:
17:20 Այլ ոչ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենայն հաւատացելոց բանիւն նոցա յիս:
17:21 զի ամենեքին մի իցեն, որպէս դու, Հայր, յիս, եւ ես ի քեզ, զի եւ նոքա ի մեզ իցեն. զի եւ աշխարհ հաւատասցէ եթէ դու առաքեցեր զիս:
17:22 Եւ ես զփառսն զոր ետուր ինձ` ետու նոցա, զի իցեն մի, որպէս եւ մեք մի եմք:
17:23 Ես ի նոսա, եւ դու յիս, զի եղիցին կատարեալք ի մի. եւ գիտասցէ աշխարհ եթէ դու առաքեցեր զիս. եւ սիրեցի զնոսա, որպէս դու զիս սիրեցեր:
17:24 Հայր, զորս ետուրն ինձ, կամիմ զի ուր եսն եմ, եւ նոքա իցեն ընդ իս, զի տեսանիցեն զփառսն զիմ զոր ետուրն ցիս. զի սիրեցեր զիս յառաջ քան զլինելն աշխարհի:
17:25 Հայր արդար, եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ, այլ ես զքեզ ծանեայ. եւ նոքա ծանեան եթէ դու առաքեցեր զիս:
17:26 Եւ ծանուցի նոցա զանուն քո եւ ծանուցից. զի սէրն զոր սիրեցեր զիս` ի նոսա իցէ, եւ ես ի նոսա:

Յովհաննէս - 18

18:1 Զայս իբրեւ ասաց Յիսուս, ել աշակերտօքն հանդերձ յայնկոյս ձորոյն Կեդրովնի, ուր էր պարտէզ, յոր եմուտ ինքն եւ աշակերտքն իւր:
18:2 Գիտէր եւ Յուդա որ զնայն մատնելոց էր` զտեղին, զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտօքն հանդերձ:
18:3 Եւ Յուդայի առեալ ընդ իւր զգունդն, եւ ի քահանայապետիցն եւ ի փարիսեցւոց սպասաւորս, գայ անդր ջահիւք եւ լապտերօք եւ զինուք:
18:4 Իսկ Յիսուս իբրեւ ետես զայն ամենայն եկեալ ի վերայ նորա, ել եւ ասէ ցնոսա. Զո՞ խնդրէք:
18:5 Պատասխանի ետուն նմա. ԶՅիսուս Նազովրեցի: Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ: Կայր ընդ նոսա եւ Յուդա որ մատնէրն զնա:
18:6 Իբրեւ ասաց թէ` Ես եմ, յետս յետս չոգան եւ զարկան զգետնի:
18:7 Դարձեալ եհարց զնոսա. Զո՞ խնդրէք: Եւ նոքա ասեն. ԶՅիսուս Նազովրեցի:
18:8 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ասացի ձեզ թէ` Ես եմ. արդ եթէ զիս խնդրէք, թոյլ տուք դոցա երթալ:
18:9 Զի լցցի բանն զոր ասաց թէ` Զորս ետուրն ցիս` ոչ կորուսից ի նոցանէ եւ ոչ զոք:
18:10 Իսկ Սիմովն Պետրոս քանզի ունէր սուր, ձգեաց զնա, եհար զքահանայապետին ծառայ, եւ ի բաց առ զունկն նորա զաջոյ. եւ էր անուն ծառային Մաղքոս:
18:11 Ասէ Յիսուս ցՊետրոս. Արկ զսուրդ անդրէն ի պատեանս իւր. զբաժակն զոր ետ ինձ Հայր` ո՞չ ըմպիցեմ զնա:
18:12 Իսկ գունդն եւ հազարապետն եւ սպասաւորք Հրէիցն կալան զՅիսուս եւ կապեցին:
18:13 եւ ածին զնա նախ առ Աննա, որ էր աներ Կայիափայի, որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ:
18:14 Այս այն Կայիափա էր որ խրատն ետ Հրէից եթէ` Լաւ է առն միում մեռանել ի վերայ ժողովրդեանն:
18:15 Եւ երթային զհետ Յիսուսի Սիմովն Պետրոս եւ մեւս աշակերտն. եւ աշակերտն այն, քանզի ծանօթ էր քահանայապետին, եմուտ ընդ Յիսուսի ի գաւիթ քահանայապետին:
18:16 Եւ Պետրոս կայր առ դրանն արտաքոյ. ել մեւս աշակերտն որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասաց ցդռնապանն եւ եմոյծ ի ներքս զՊետրոս:
18:17 Ասէ աղջիկն որ դռնապանն էր` ցՊետրոս. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց առնն այնորիկ իցես: Եւ նա ասէ. Ոչ եմ:
18:18 Կային անդ ծառայքն եւ սպասաւորք խարոյկ արկեալ, քանզի ցուրտ էր, եւ ջեռնուին. կայր ընդ նոսա եւ Պետրոս եւ ջեռնոյր:
18:19 Եւ քահանայապետն եհարց ցՅիսուս վասն աշակերտացն եւ վասն վարդապետութեան նորա:
18:20 Պատասխանի ետ նմա Յիսուս. Ես յայտնապէս խօսեցայ աշխարհի. ես յամենայն ժամ ուսուցի ի ժողովրդեանն, եւ ի տաճարի անդ ուր ամենայն Հրեայք ժողովեալ էին, եւ ի ծածուկ ինչ ոչ խօսեցայ:
18:21 Զի՞ հարցանես զիս, հարց զայնոսիկ որ լուանն, թէ զինչ խօսեցայ ընդ նոսա. ահաւասիկ նոքա գիտեն զինչ խօսեցայ:
18:22 Իբրեւ նա զայն ասաց, մի ոմն ի սպասաւորացն որ անդ կայր, ած ապտակ Յիսուսի եւ ասէ. Ա՞յդպէս պատասխանի տաս քահանայապետիդ:
18:23 Եւ Յիսուս ասէ ցնա. Եթէ չար ինչ խօսեցայ, վկայեա վասն չարին, իսկ եթէ բարի, ընդէ՞ր հարկանես զիս:
18:24 Եւ առաքեաց զնա Աննա կապեալ առ Կայիափա քահանայապետ:
18:25 Եւ Սիմովն Պետրոս կայր անդ եւ ջեռնոյր. ասեն ցնա. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց անտի նորա իցես: Նա ուրացաւ եւ ասէ թէ` չեմ:
18:26 Եւ ասէ մի ոմն ի ծառայից քահանայապետին, ազգական այնորիկ զորոյ զունկն եհատ Պետրոս. Ո՞չ ես իսկ տեսի զքեզ ի պարտիզի անդ ընդ նմա:
18:27 Դարձեալ ուրացաւ Պետրոս, եւ վաղվաղակի հաւ խօսեցաւ:
18:28 Եւ ածին զՅիսուս ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին, եւ էր այգուց. եւ նոքա ոչ մտին յապարանսն, զի մի՛ պղծեսցին, այլ զի ուտիցեն զզատիկն:
18:29 Ել առ նոսա Պիղատոս արտաքս եւ ասէ. Զի՞նչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ:
18:30 Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Եթէ չէր չարագործ այրն այն, ապա ոչ մատնէաք զնա քեզ:
18:31 Ասէ ցնոսա Պիղատոս. Առէք զնա դուք, եւ ըստ ձերոց օրինացն դատեցարուք: Ասեն ցնա Հրեայքն. Մեզ ոչ է արժան սպանանել զոք:
18:32 Զի լցցի բանն Յիսուսի զոր ասաց, նշանակեալ թէ որով մահու մեռանելոց իցէ:
18:33 Եմուտ միւսանգամ յապարանսն Պիղատոս, կոչեաց զՅիսուս եւ ասէ ցնա. Դո՞ւ ես թագաւորն Հրէից:
18:34 Պատասխանի ետ Յիսուս. Ի քէ՞ն ասես զայդ եթէ այլք ասացին քեզ զինէն:
18:35 Պատասխանի ետ Պիղատոս. Միթէ եւ ես Հրեա՞յ իցեմ. ազգն քո եւ քահանայապետք մատնեցին զքեզ ինձ. զի՞նչ գործ գործեալ է քո:
18:36 Պատասխանի ետ Յիսուս. Իմ արքայութիւն չէ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէին արդեւք զի մի՛ մատնեցայց Հրէից, բայց արդ թագաւորութիւնն իմ չէ աստի:
18:37 Ասէ ցնա Պիղատոս. Ապա թէ այդպէս իցէ, թագաւո՞ր ոմն ես դու: Պատասխանի ետ Յիսուս. Դու ասես թէ թագաւոր իցեմ. բայց ես յայդ իսկ ծնեալ եմ, եւ ի դոյն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ի ճշմարտութենէ է` լսէ բարբառոյ իմոյ:
18:38 Ասէ ցնա Պիղատոս. Զի՞նչ է ճշմարտութիւն: Զայս իբրեւ ասաց, դարձեալ ել առ Հրեայսն եւ ասէ ցնոսա. Ես եւ ոչ մի ինչ պատճառս գտանեմ ի նմա:
18:39 Բայց է ձեր սովորութիւն, զի զմի ոք արձակեցից ձեզ ի զատկիս. արդ կամի՞ք զի արձակեցից ձեզ զթագաւորն Հրէից:
18:40 Աղաղակեցին ամենեքեան եւ ասէին. Մի՛ զդա, այլ զԲարաբբա: Եւ էր Բարաբբայն այն աւազակ:

Յովհաննէս - 19

19:1 Յայնժամ ա՛ռ Պիղատոս զՅիսուս եւ գան եհար:
19:2 Եւ զինուորացն արարեալ պսակ ի փշոց` եդին ի գլուխ նորա, եւ զգեցուցին նմա հանդերձ ծիրանի:
19:3 եւ գային առ նա`` եւ ասէին. Ողջ եր, արքայ Հրէից: Եւ հանէին նմա ապտակս:
19:4 Ել դարձեալ Պիղատոս արտաքս եւ ասէ ցնոսա. Ահա ածեմ զնա արտաքս առ ձեզ, զի գիտասջիք թէ ես վնաս ինչ ի նմա ոչ գտանեմ:
19:5 Ել Յիսուս արտաքս, եւ ունէր պսակ ի փշոց եւ հանդերձ ծիրանի. եւ ասէ ցնոսա. Ահա այրդ ցձեզ:
19:6 Իբրեւ տեսին զնա քահանայապետքն եւ սպասաւորք, զաղաղակ բարձին եւ ասեն. Ի խաչ հան, ի խաչ հան զդա: Ասէ ցնոսա Պիղատոս. Առէք զդա ի ձեզ, եւ ձեզէն հանէք ի խաչ. զի ես ի դմա վնաս ինչ ոչ գտանեմ:
19:7 Պատասխանի ետուն նմա Հրեայքն. Մեք օրէնս ունիմք, եւ ըստ օրինաց մերոց պարտի մեռանել, զի զանձն իւր Որդի Աստուծոյ արար:
19:8 Իբրեւ լուաւ զբանս զայս Պիղատոս, առաւել եւս երկեաւ:
19:9 Եմուտ դարձեալ անդրէն յապարանսն, եւ ասէ ցՅիսուս. Ուստի՞ ես դու: Եւ Յիսուս ոչ ետ նմա պատասխանի:
19:10 Ասէ ցնա Պիղատոս. Ընդ իս ո՞չ խօսիս, ո՞չ գիտես եթէ իշխանութիւն ունիմ հանել զքեզ ի խաչ, եւ իշխանութիւն ունիմ արձակել զքեզ:
19:11 Պատասխանի ետ Յիսուս. Ոչ ունէիր դու իշխանութիւն ի վերայ իմ եւ ոչ մի, եթէ ոչ էր տուեալ քեզ ի վերուստ. վասն այնորիկ որ մատնեացն զիս քեզ, նորա մեծ մեղք են:
19:12 Եւ յայնմանէ Պիղատոս խնդրէր արձակել զնա. եւ Հրեայքն աղաղակէին եւ ասէին. Եթէ զդա արձակես, չես բարեկամ կայսեր. ամենայն ոք որ թագաւոր կոչէ զանձն իւր, հակառակ է կայսեր:
19:13 Իսկ Պիղատոս իբրեւ լուաւ զբանս զայսոսիկ, ած զՅիսուս արտաքս. եւ նստաւ ի վերայ բեմին ի տեղւոջն որ կոչէր Քարայատակ, եւ Եբրայեցերէն Կապպաթա:
19:14 Էր ուրբաթն զատկի, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ,) եւ ասէ ցՀրեայսն. Ահա թագաւորդ ձեր ցձեզ:
19:15 Եւ նոքա աղաղակէին. Բարձ ի մէնջ, բարձ ի մէնջ, եւ հան զդա ի խաչ: Ասէ ցնոսա Պիղատոս. Ես զթագաւորդ ձեր ի խա՞չ հանիցեմ: Պատասխանի ետուն քահանայապետքն. չիք մեր թագաւոր բաց ի կայսերէ:
19:16 Յայնժամ ետ զնա ի ձեռս նոցա, զի ի խաչ ելանիցէ:
19:17 Եւ նոքա առեալ տանէին զնա. եւ բարձեալ էր ինքնին զխաչափայտն, եւ ելանէր ի տեղին որ անուանեալ էր Գագաթան, եւ կոչէր Եբրայեցերէն Գողգոթա:
19:18 ուր եւ ի խաչն իսկ հանին զնա, եւ ընդ նմա երկուս եւս այլս աստի եւ անտի, եւ ի միջի զՅիսուս:
19:19 Գրեաց եւ տախտակ մի Պիղատոս, եւ եդ ի վերայ խաչին. եւ էր գրեալ. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ:
19:20 Զայն տախտակ ընթերցան բազումք ի Հրէից, զի մօտ էր ի քաղաք անդր տեղին ուր խաչեցաւն Յիսուս. եւ էր գրեալ Եբրայեցերէն, Դաղմատերէն եւ Յունարէն:
19:21 Ասեն ցՊիղատոս քահանայապետքն Հրէից. Մի՛ գրեր Թագաւոր Հրէից, այլ թէ` Նա ասաց. Թագաւոր եմ Հրէից:
19:22 Պատասխանի ետ Պիղատոս. Զոր ինչ գրեցի` գրեցի:
19:23 Իսկ զինուորքն իբրեւ հանին ի խաչ զՅիսուս, առին զհանդերձս նորա եւ արարին չորս մասունս, իւրաքանչիւր զինուորի մասն. իսկ զպատմուճանն, քանզի էր առանց կարանի ի վերուստ փորանկեալ ամենեւին:
19:24 ասեն ցմիմեանս. Մի՛ պատառեսցուք զայդ, այլ արկցուք վիճակս ի վերայ դորա ում եւ ելցէ. զի լցցի գիրն որ ասէ. Բաժանեցան զհանդերձս իմ յիւրեանս, եւ ի վերայ պատմուճանի իմոյ վիճակ արկին: Զինուորքն զայն ինչ գործեցին:
19:25 Եւ կային առ խաչին Յիսուսի մայրն նորա, եւ քոյր մօր նորա, Մարիամ Կղէովպայ, եւ Մարիամ Մագդաղենացի:
19:26 Յիսուս իբրեւ ետես զմայրն եւ զաշակերտն զոր սիրէր, զի կայր մօտ, ասէ ցմայրն. Կին դու, ահա որդի քո:
19:27 Ապա ասէ ցաշակերտն. Ահա մայր քո: Եւ յայնմ ժամանակէ ա՛ռ աշակերտն զնա առ իւր:
19:28 Յետ այսորիկ իբրեւ գիտաց Յիսուս եթէ ահա ամենայն ինչ կատարեալ է, (զի կատարեսցի գիրն,) ասէ. Ծարաւի եմ:
19:29 Եւ անդ կայր աման ինչ լի քացախով. եւ նոցա սպունգ լցեալ քացախով ընդ լեղւոյ`` շուրջ եդեալ զմշտկաւ զոպայի մատուցին ի բերան նորա:
19:30 Իբրեւ ա՛ռ Յիսուս զքացախն հանդերձ լեղւովն`` ասէ. Ամենայն ինչ`` կատարեալ է: Եւ խոնարհեցուցեալ զգլուխն` աւանդեաց զոգին:
19:31 Իսկ Հրեայքն, քանզի ուրբաթ էր, զի մի՛ անդէն ի խաչին ագանիցին մարմինքն մինչեւ ցշաբաթն, (զի էր օր մեծ շաբաթուն այնորիկ,) աղաչեցին զՊիղատոս զի խորտակեսցեն զբարձս նոցա եւ բարձցին:
19:32 Եկին զինուորքն եւ զառաջնոյն խորտակեցին զբարձս, նոյնպէս եւ զմիւսոյն որ ընդ նմա ի խաչն ելեալ էր:
19:33 Բայց իբրեւ եկին առ Յիսուս, եւ տեսին զի այն ինչ մեռեալ էր, ոչ խորտակեցին զբարձս նորա:
19:34 այլ մի ոմն ի զինուորացն տիգաւ խոցեաց զկողս նորա, եւ վաղվաղակի ել արիւն եւ ջուր:
19:35 Եւ որ ետեսն` վկայեաց, եւ ճշմարիտ է վկայութիւն նորա, եւ նա գիտէ թէ ճշմարիտ ասէ, զի եւ դուք հաւատասջիք:
19:36 Այս եղեւ զի լցցի գիրն եթէ` Ոսկր նորա մի՛ փշրեսցի:
19:37 Եւ դարձեալ մեւս գիր ասէ եթէ` Հայեսցին ի նա յոր խոցեցինն:
19:38 Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսէփ որ յԱրիմաթեայ էր, աշակերտ Յիսուսի ի ծածուկ վասն ահին Հրէից, զի բարձցէ զմարմինն Յիսուսի. եւ հրամայեաց Պիղատոս. եկին եւ բարձին զնա:
19:39 Եկն եւ Նիկոդեմոս որ եկեալն էր առ Յիսուս ի գիշերի զառաջինն, եւ եբեր զմուռս խառն ընդ հալուէս իբրեւ լտերս հարեւր:
19:40 Առին զմարմինն Յիսուսի, եւ պատեցին կտաւովք խնկովքն հանդերձ, որպէս օրէն էր Հրէից պատել:
19:41 Եւ էր ի տեղւոջն յորում խաչեցաւ` պարտէզ. եւ ի պարտիզի անդ` գերեզման նոր, յորում ոչ ոք երբեք էր եդեալ:
19:42 Անդ վասն ուրբաթուն Հրէից, զի մօտ էր գերեզմանն, եդին զՅիսուս:

Յովհաննէս - 20

20:1 Եւ ի միաշաբաթւոջն Մարիամ Մագդաղենացի գայ առաւօտուն ընդ արշալոյսն ի գերեզման անդր, եւ տեսանէ զվէմն բարձեալ ի դրաց գերեզմանին:
20:2 Ապա ընթանայ եւ գայ առ Սիմովն Պետրոս եւ առ մեւս աշակերտն զոր սիրէր Յիսուս, եւ ասէ ցնոսա. Բարձին զՏէր ի գերեզմանէ անտի, եւ ոչ գիտեմք ուր եդին զնա:
20:3 Ել Պետրոս եւ մեւս աշակերտն եւ գային ի գերեզմանն:
20:4 Ընթանային երկոքին ի միասին, եւ մեւս աշակերտն յառաջեաց ընթացաւ վաղագոյն քան զՊետրոս եւ եկն նախ ի գերեզմանն:
20:5 Եւ խոնարհեալ տեսանէ զի կային անդ կտաւքն, բայց ի ներքս ոչ եմուտ:
20:6 Եկն եւ Սիմովն Պետրոս որ գայրն զկնի նորա, եւ եմուտ ի գերեզմանն, եւ տեսանէ զկտաւսն զի կային անդ:
20:7 եւ վարշամակն որ էր ի գլուխ նորա, ոչ ընդ այլ կտաւսն կայր, այլ ուրոյն ծալեալ ի մի կողմն:
20:8 Յայնժամ եմուտ եւ մեւս աշակերտն, որ եկեալն էր յառաջագոյն ի գերեզմանն, ետես եւ հաւատաց:
20:9 զի չեւ եւս գիտէին զգիրս թէ պարտ է նմա ի մեռելոց յառնել:
20:10 Չոգան դարձեալ առ միմեանս աշակերտքն:
20:11 Բայց Մարիամ կայր արտաքոյ գերեզմանին եւ լայր. եւ մինչդեռ լայր, խոնարհեցաւ ի գերեզմանն:
20:12 եւ տեսանէ երկուս հրեշտակս ի սպիտակս, զի նստէին մի ի սնարից եւ մի յանոտից ուր կայր մարմինն Յիսուսի:
20:13 Եւ նոքա ասեն ցնա. Կին դու, զի՞ լաս: Ասէ ցնոսա. Զի բարձին զՏէրն իմ ի գերեզմանէ աստի``, եւ ոչ գիտեմ ուր եդին զնա:
20:14 Զայս իբրեւ ասաց, դարձաւ ի թիկունս կոյս, եւ տեսանէ զՅիսուս զի կայր. եւ ոչ գիտէր թէ Յիսուս իցէ:
20:15 Ասէ ցնա Յիսուս. Կին դու, զի՞ լաս, զո՞ խնդրես: Նմա այսպէս թուեցաւ թէ պարտիզպանն իցէ, ասէ ցնա. Տէր, եթէ դու բարձեր զնա, ասա ինձ ուր եդիր զնա, զի ես առից զնա:
20:16 Ասէ ցնա Յիսուս. Մարիամ: Եւ նա դարձաւ եւ ասէ ցնա Եբրայեցերէն. Րաբբունի, որ թարգմանի Վարդապետ:
20:17 Ասէ ցնա Յիսուս. Մի՛ մերձենար յիս, զի չեւ եւս ելեալ եմ առ Հայր իմ. այլ երթ դու առ եղբարսն իմ, եւ ասա ցնոսա. Ելանեմ ես առ Հայրն իմ եւ առ Հայր ձեր, եւ Աստուածն իմ եւ Աստուած ձեր:
20:18 Գայ Մարիամ Մագդաղենացի եւ պատմէ աշակերտացն եթէ ետես նա զՏէր, եւ զայս ինչ ասաց ցնա:
20:19 Եւ էր երեկոյ ի միաշաբաթւոջ աւուրն, եւ դրօք փակելովք ուր էին աշակերտքն ժողովեալ վասն ահին Հրէից, եկն Յիսուս եւ եկաց ի միջի նոցա, եւ ասէ ցնոսա. Ողջոյն ընդ ձեզ:
20:20 Իբրեւ զայս ասաց, եցոյց նոցա զձեռս եւ զկողսն իւր. եւ խնդացին աշակերտքն իբրեւ տեսին զՏէր:
20:21 Ասէ ցնոսա դարձեալ. Ողջոյն ընդ ձեզ, որպէս առաքեաց զիս Հայր իմ, եւ ես առաքեմ զձեզ:
20:22 Եւ զայս իբրեւ ասաց, փչեաց ի նոսա եւ ասէ. Առէք Հոգի Սուրբ:
20:23 եթէ ումեք թողուցուք զմեղս, թողեալ լիցի նոցա. եթէ զուրուք ունիցիք, կալեալ լիցի:
20:24 Իսկ Թովմաս, մի յերկոտասանիցն, անուանեալն Երկուորեակ, ոչ էր ընդ նոսա յորժամ եկն Յիսուս:
20:25 Ասէին ցնա այլ աշակերտքն, եթէ` Տեսաք զՏէր: Եւ նա ասէ ցնոսա. Եթէ ոչ տեսից ի ձեռս նորա զնշան բեւեռացն, եւ արկից զմատունս իմ ի տեղիս բեւեռացն, եւ մխեցից զձեռս իմ ի կողս նորա, ոչ հաւատամ:
20:26 Եւ յետ ութ աւուր դարձեալ էին ի ներքս աշակերտքն, եւ Թովմաս ընդ նոսա. գայ Յիսուս դրօքն փակելովք եւ եկաց ի մէջ, եւ ասէ. Ողջոյն ընդ ձեզ:
20:27 Ապա ասէ ցԹովմաս. Բեր զմատունս քո եւ արկ այսր եւ տես զձեռս իմ, եւ բեր զձեռն քո եւ մխեա ի կողս իմ, եւ մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ:
20:28 Պատասխանի ետ Թովմաս եւ ասէ ցնա. Տէր իմ եւ Աստուած իմ:
20:29 Ասէ ցնա Յիսուս. Այդ զի տեսերդ զիս եւ հաւատացեր. երանի որոց ոչ իցէ տեսեալ եւ հաւատասցեն:
20:30 Բազում եւ այլ նշանս արար Յիսուս առաջի աշակերտաց իւրոց, որ ոչ է գրեալ ի գիրս յայսմիկ:
20:31 Այլ այս այնչափ ինչ գրեցաւ, զի հաւատայցէք եթէ Յիսուս` Քրիստոս է, Որդի Աստուծոյ. եւ զի հաւատայցէք, եւ զկեանսն յաւիտենականս ընդունիցիք յանուն նորա:

Յովհաննէս - 21

21:1 Յետ այսորիկ դարձեալ յայտնեաց զանձն իւր Յիսուս աշակերտացն իւրոց առ ծովեզերբն Տիբերեայ, եւ յայտնեաց այսպէս:
21:2 Էին ի միասին Սիմովն Պետրոս, եւ Թովմաս անուանեալն Երկուորեակ, եւ Նաթանայէլ որ ի Կանայ Գալիլեացւոց, եւ որդիքն Զեբեդեայ, եւ այլք յաշակերտաց անտի երկու:
21:3 Ասէ ցնոսա Սիմովն Պետրոս. Երթամ ձուկն որսալ: Ասեն ցնա. Գամք եւ մեք ընդ քեզ: Գնացին եւ մտին ի նաւ, եւ յայնմ գիշերի կալան եւ ոչինչ:
21:4 Իբրեւ այգ եղեւ, կայր Յիսուս յեզր ծովուն, բայց ոչ ծանեան աշակերտքն թէ Յիսուս իցէ:
21:5 Ասէ ցնոսա Յիսուս. Մանկունք, միթէ ունի՞ք ինչ ուտելոյ: Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ոչ:
21:6 Ասէ ցնոսա. Արկէք յաջակողմն նաւին զուռկանդ եւ գտանիցէք: Արկին, եւ ոչ կարէին ձգել ի բազմութենէ անտի ձկանցն:
21:7 Ասէ աշակերտն այն զոր սիրէրն Յիսուս` ցՊետրոս. Տէր է այն: Սիմովն Պետրոս իբրեւ լուաւ թէ Տէր է, արկաւ զիւրեւ զսփածանելին, քանզի մերկ էր, եւ ընկէց զինքն ի ծովն:
21:8 Եւ այլ աշակերտքն նաւաւն իսկ գային, քանզի չէին հեռի ի ցամաքէն, այլ իբրեւ երկերիւր կանգնաւ, քարշէին զգործին հանդերձ ձկամբքն:
21:9 Իբրեւ ելին ի ցամաք, տեսանեն կրակետղ կայծականց եւ ձուկն մի ի վերայ եւ հաց:
21:10 Ասէ ցնոսա Յիսուս. Բերէք ի ձկանց այտի զոր դուքդ կալարուք այժմիկ:
21:11 Եմուտ Սիմովն Պետրոս, եւ ձգէր զգործին ի ցամաք լի մեծամեծ ձկամբք հարեւր յիսուն եւ երիւք, եւ այնչափ ինչ կայր եւ ոչ պատառեցաւ գործին:
21:12 Ասէ ցնոսա Յիսուս. Եկայք ճաշեցէք: Եւ ոչ ոք յաշակերտացն իշխէր հարցանել թէ` Դու ո՞վ ես, զի գիտէին թէ Տէրն է:
21:13 Գայ Յիսուս եւ առնու զհացն եւ տայ նոցա, նոյնպէս եւ զձուկնն:
21:14 Զայս երիցս անգամ երեւեցաւ Յիսուս աշակերտացն` յարուցեալ ի մեռելոց:
21:15 Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍիմովն Պետրոս Յիսուս. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս առաւել քան զդոսա: Ասէ ցնա. Այո, Տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ: Ասէ ցնա. Արածեա զգառինս իմ:
21:16 Դարձեալ ասէ ցնա. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս: Ասէ ցնա. Այո, Տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ: Ասէ ցնա. Արածեա զոչխարս իմ:
21:17 Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս: Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ` Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ`` սիրեմ զքեզ: Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ:
21:18 Ամէն ամէն ասեմ քեզ, զի մինչ մանուկն էիր, անձամբ անձին գօտի ածէիր եւ երթայիր յո եւ կամէիր. եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վեր կալցես, եւ այլք ածցեն քեզ գօտի, եւ տարցին ուր ոչն կամիցիս:
21:19 Զայս ասաց նշանակեալ թէ որով մահու փառաւոր առնիցէ զԱստուած. եւ զայս իբրեւ ասաց, ասէ ցնա. Եկ զկնի իմ:
21:20 Դարձաւ Պետրոս եւ տեսանէ զաշակերտն զոր սիրէր Յիսուս, զի երթայր զկնի, (որ եւ անկաւ զլանջօքն նորա եւ ասէ. Տէր, ո՞վ է որ մատնելոցն է զքեզ:
21:21 Զնա տեսեալ Պետրոսի, ասէ ցՅիսուս. Տէր, իսկ սա զի՞:
21:22 Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիմ, զի կացցէ դա մինչեւ ես գամ. քեզ զի՞ փոյթ է, դու եկ զկնի իմ:
21:23 Եւ ել բանս այս յեղբարս, եւ համարեցան թէ աշակերտն այն ոչ մեռանիցի. եւ ոչ ասաց նմա Յիսուս եթէ` Ոչ մեռանիցի, այլ` Թէ կամիմ ես թէ կացցէ դա մինչեւ ես գամ:
21:24 Այս աշակերտ է որ վկայէ վասն այսոցիկ, որ եւ գրեացն իսկ զայսոսիկ. եւ գիտեմք եթէ ճշմարիտ է վկայութիւն նորա:
21:25 Բայց է եւ այլ ինչ բազում զոր արար Յիսուս, զոր եթէ գրեալ էր մի ըստ միոջէ, կարծեմ թէ եւ ոչ աշխարհս բաւական էր տանել զգիրսն որ թէ գրեալ էին: